Վրաստանի կառավարությունը 81018 լարի է հատկացրել Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում ենթակառուցվածքային աշխատանքների համար։ 71 100 լարիով վերանորոգվել է Բուզավեթ գյուղի դպրոցի տանիքը և բարեկարգվել է Ազմանա գյուղի դպրոցի սանհանգույցը ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն, այսօր՝ հունիսի 29-ին հաստատեց երկու դպրոցների վերանորոգման վճարի չափը, որը հատկացվել է Վրաստանի կառավարության № 51 որոշման համաձայն։ Դպրոցներում աշխատանքներն ավարտման փուլում են, զուգահեռաբար ընթանում է ընթացիկ աշխատանքների գնահատման գործընթացը։

Բուզավեթ գյուղի հանրային դպրոցի վերականգնման գումարը կազմում է 37 000 լարի։ Տենդերը շահել է անհատ ձեռնարկատեր Զոյա Համազարյանը։ Դպրոցի շենքի տանիքի վերականգնման աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլին և դրանք այժմ ավարտական ​​փուլում են։ Աշխատանքները, ըստ փաստաթղթերի, պետք է ավարտվեն մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը։ Վերականգնման համար սկզբում հատկացվել էր 46 018 լարի, սակայն տենդերային սակարկությունների արդյունքում ընկերությունը պարտավորվել է աշխատանքները կատարել 9018 լարիով քիչ։

Ազմանա գյուղի հանրային դպրոցի վերականգնման տենդերը հայտարարվել էր անցյալ տարի՝ դեկտեմբերի 7-ին։ Պայմանագիրը ընկերության հետ կնքվել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ին։ Քաղաքապետարանը հաստատել է 39 765 լարի։ Աշխատանքի մրցույթը 34 100 լարիով շահել է «Գոլդ 777» ՍՊԸ-ն։ Ընկերությունը պետք է բարեկարգեր դպրոցի սանհանգույցը։

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի խոսքով, մրցույթը հայտարարվել է դեկտեմբերին, իսկ ձմռանն Ախալքալաքում շինարարական աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ, ուստի աշխատանքները սկսել են այս գարնանը: