Վրաստանում մայր ԲՈՒՀ-ի՝ ԹՊՀ-ի ադմինիստրացիան պատրաստ է որոշ ուսանողների մեկ ամսով անվճար տրամադրել հանրակացարան։ Թբիլիսիի պետական համալսարանի գիտական խորհուրդը համապատասխան որոշում է կայացրել՝ ի պատասխան ուսանողների՝ քննությունները հեռավար անցկացնելու պահանջին։
Ուրբաթ օրը կայացած նիստում խորհուրդը որոշել է, որ տարեվերջյան քննությունները պետք է անցկացվեն ոչ հեռավար ձևաչափով, քանի որ դա գիտելիքների գնահատման արդար ձև է, գիտխորհուրդը հաշվի է առնում երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը և ողջունում է համալսարանի ղեկավարության որոշումն այն մասին, որ Թբիլիսիից բացի երկու քաղաքում ևս հնարավոր է քննություն հանձնել:
«Գիտխորհուրդը տնօրինությանը խորհուրդ է տալիս մեկ ամսով անվճար տեղավորել համալսարանի հանրակացարանում (հիմնականում Լիսիում) բարձր լեռնային շրջաններում ապրող ուսանողներին կամ նրանց, ում համար դեպի քննական կենտրոններ ճանապարհը լի է որոշակի դժվարություններով»:
Մեկ ամսից ավելի է, ինչ շարունակվում են ԹՊՀ ուսանողների բողոքի ակցիաները։ Դրանք սկսվեցին, երբ կորոնավիրուսի համաճարակից հետո բոլոր բուհերը վերադարձան բնականոն աշխատանքի։ Ցուցարարները պահանջում էին դասապրոցեսը շարունակել հիբրիդային ձևաչափով, որպեսզի շրջանների ուսանողները դասերին միանան հեռավար, իսկ Թբիլիսիում ապրողները՝ առկա ձևով։ Ինչպես պարզաբանում են ուսանողները, Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո այցելուների մեծ թվի պատճառով Թբիլիսիում անշարժ գույքի գները կտրուկ աճել են, և այժմ շրջանների ուսանողների համար դժվար է բնակարան գտնել Վրաստանի մայրաքաղաքում։