նորություններ 26 Ապրիլի, 2026 • «Առաքելոց վանքի կռիվը»․ առաջին հայալեզու AI վավերագրական ֆիլմի պրեմիերան Թբիլիսիում

Ապրիլի 25-ին Թբիլիսիի Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց «Առաքելոց վանքի կռիվը» վավերագրական ֆիլմը՝ առաջին հայալեզու AI վավերագրական կինոնկարը։

Ցուցադրությանը ներկա էին հյուրեր Թբիլիսիից և Ջավախքից՝ հասարակական գործիչներ, երիտասարդներ և կինոսիրողներ։ Լեփ-լեցուն դահլիճը քար լռությամբ հետևում էր էկրանին. ներկաների դեմքին կարելի էր նկատել խոր հպարտություն, իսկ ոմանք չէին կարողանում զսպել հույզերն ու արտասվում էին։

hayartun_5

Վավերագրական ֆիլմի հեղինակն է հայկական հետքի հետազոտող, ծնունդով ջավախահայ Ռևիկ Կարապետյանը։ Նա դասավանդել է հայոց պատմություն «Հայարտուն» կենտրոնում։ Ռևիկ Կարապետյանը տարիներ շարունակ հետազոտել է ինչպես հին Թիֆլիսի, այնպես էլ պատմական Հայաստանի մի շարք գավառների պատմությունը՝ անձամբ այցելելով և փաստագրելով պատմական վայրեր ու հուշակոթողներ։

Արդեն մի քանի տարի է՝ հեղինակը վարում է YouTube ալիք, որտեղ կյանքի է կոչում հայկական պատմության քիչ հայտնի էջերը։ «Առաքելոց վանքի կռիվը» նրա երկրորդ AI վավերագրական ֆիլմն է։ Առաջինը նվիրված էր Հովսեփ Էմինի կյանքին ու գործունեությանը և ստեղծվել էր մոտ մեկ տարի առաջ։ Ինչպես հեղինակն ինքն է նշում, արհեստական բանականության արագ զարգացման շնորհիվ նոր ֆիլմը նկատելիորեն գերազանցում է նախորդին իր որակով։

Խոսելով ֆիլմի ստեղծման մղումի մասին՝ Ռևիկ Կարապետյանն ասում է.

«Տեսնելով, որ այսօր հայկական սեգմենտում, և ոչ միայն, արհեստական բանականությունը մեծ մասամբ օգտագործվում է անորակ կոնտենտ ստեղծելու համար, որոշեցի ցույց տալ, որ AI-ի օգնությամբ կարելի է ոչ միայն անտակտ հումոր ստեղծել, այլև պատմել հայ ժողովրդի պատմությունը, հիշեցնել մեր պատմական փառահեղ դրվագները և ազատվել միշտ զոհ լինելու բարդույթից։ Մանուկ հասակից, երբ առաջին անգամ կարդացի «Ռանչպարների կանչը», տպավորված էի հենց այս դրվագով։ Հենց դրա համար էլ տարիներ անց որոշեցի վիզուալիզացնել այն, ինչ իմ կարծիքով այդ ժամանակաշրջանի ամենահերոսական և ամենափառահեղ դրվագներից մեկն է՝ Առաքելոց վանքի կռիվը»։

hayartun_4

Ցուցադրությանը ներկա էր նաև հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, ով կարևոր է համարում նմանատիպ ֆիլմերի ստեղծումը և նշում է, որ նախաձեռնությունը պետք է շարունակական բնույթ կրի։

«Նախ և առաջ փառք ու պատիվ Ռևիկ Կարապետյանին, ով նորից կյանքի կոչեց այդ պատմությունը։ Առաքելոց վանքի կռվում ամբողջությամբ դրսևորվեց հայ ազգի Աստծուն մոտ լինելը, արժանապատվությունը։ Ինձ համար Աստված արժանապատվություն և սեր է. եթե մարդ չունի այս ամենը իր հայրենիքի հանդեպ, նա Աստծուց հեռու մարդ է։ Արժանապատվությունն է, որ բերում է դեպի Աստված։ Այս կռիվը երկար ժամանակ փոխեց վերաբերմունքը Մշո դաշտի և Սասունի հայերի հանդեպ, որովհետև դուրս եկան հայ ազգի արժանապատիվ որդիները՝ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ և կանգնեցին տեր իրենց արժանապատվությանը։ Կարծում եմ՝ այս շարքը պետք է շարունակվի, որպեսզի մասայականա և երիտասարդները հասկանան, որ մենք ունենք իրավունքներ ու արժանապատվություն։ Պետք է օգտագործենք այդ իրավունքները, որպեսզի չոչնչանանք, ինչպես ոչնչացանք 111 տարի առաջ»։

hayartun_3

Ցուցադրությունն ավարտվեց ջերմ քննարկումով, որի ընթացքում ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով և մտքերով։ Ֆիլմը վկայում է, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական, այլև ազգային-մշակութային գործիք՝ պատմությունը գրավիչ ձևաչափով հաջորդ սերունդներին փոխանցելու համար։

hayartun_1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝