2022 թվականի մայիսին Վրաստանում 9,6 հազար լարիից ավելի ամսական աշխատավարձ ստացող քաղաքացիների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 42%-ով: Այս մասին հայտնում է PMCG հետազոտական կենտրոնը։

Համաձայն վրացական Jobs.ge հանրահայտ թափուր աշխատատեղերի տեղադրման կայքի հետ համատեղ անցկացված ուսումնասիրության՝ անցած ամիս Վրաստանում պաշտոնական աշխատավարձ է ստացել մոտ 857,000 մարդ, ինչը 5%-ով ավելի է 2021 թվականից և 14,6%-ով ավելի՝ 2020 թ-ից։

9,6 հազար լարիից ավելի (ավելի քան 3,3 հազար դոլար) աշխատավարձ ունեցող քաղաքացիների տեսակարար կշիռը մեծ չէ՝ ընդամենը 1,4 տոկոս, որը կազմում է մոտ 12 հազար մարդ։

Աշխատավարձ ստացողների գրեթե մեկ քառորդը մինչև 600 լարի (մոտ 210 դոլար) աշխատավարձ ունեցող քաղաքացիներն են։ Սակայն 2021 թվականի մայիսի համեմատ դրանց թիվը նվազել է 5,3%-ով։

2,4 հազար լարիից ավելի (մոտ 830 դոլար) ամսական աշխատավարձ ստացողների տեսակարար կշիռը մայիսին կազմել է 16,7%, ինչը 4,3 տոկոսային կետով ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս Վրաստանում թափուր աշխատատեղերի առաջարկների լուրջ աճ՝ կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո։ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մայիսը Jobs.ge կայքում տեղադրվել է ավելի քան 33,7 հազար առաջարկ, ինչը 67 տոկոսով ավելի է 2020-2021 թվականների համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Թափուր հաստիքներ ըստ բնագավառների

Տեխնիկական/լոգիստիկական հաստիքների համար հայտարարվել է 11339 թափուր աշխատատեղ

Վաճառքի/գնման ոլորտում՝9635 թափուր աշխատատեղ

Վարչարարության/մենեջմենթի ոլորտում՝7123 թափուր աշխատատեղ

«Սաքստատ»-ի տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,5 տոկոսով և կազմել 19,4 տոկոս։ Քանակական առումով 4 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի մինչև 290 հազար քաղաքացի գործազուրկ է։