ՊԱԾ-ից (Պետական անվտանգության ծառայություն) հայտարարել են, որ կանխվել է պայթուցիկ սարքերի Վրաստանի տարածքով տարանցումը Ուկրաինայից դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Վրաստանում քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են մի քանի միավոր հատուկ պայթուցիկ սարքեր և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր՝ 6 պայթուցիկ սարք և մինչև 14 կիլոգրամ պայթուցիկ։

ՊԱԾ-ը պնդում է, որ հունվարի 19-ին ուկրաինական Օդեսա քաղաքից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով պայթուցիկ սարքեր և նյութեր են բերվել Վրաստան, որոնք նախատեսվում էր «Սարփի» մաքսակետից ուղարկել Ռուսաստանի Վորոնեժ քաղաք՝ «Լարս» անցակետով: Հետո, սակայն, փոխադրման պլանները փոխվել են, և պայթուցիկ սարքերի մի մասը թողնվել է Թբիլիսիում՝ կոնկրետ հասցեով, իսկ մյուս մասն ուղարկվել դեպի Ռուսաստան։

Գերատեսչությունը հայտնում է, որ Վրաստան պայթուցիկ սարքերի ներկրմամբ զբաղվել են Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և ՀՀ 2 քաղաքացիներ։ Բացի այդ, ենթադրվում է, որ գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի՝ Օդեսայի մարզի տեղական Ռադայի Կիևի շրջանի պատգամավորի թեկնածու (2020 թ.) «Ժողովրդի ծառա» կուսակցությունից՝ Անդրեյ Շարաշիձեն, ով ծնունդով Բաթումիից է։

Պետական անվտանգության ծառայությունը «կասկածում է», որ Վրաստանի տարածքի օգտագործումը և քաղաքացիների ներգրավումն այս գործընթացին նպաստել են «այն կարծիքի ձևավորմանը, որ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու մեջ, որոնք կկատարվեն Վրաստանում և արտերկրում՝ Վրաստանն է մեղադրվելու»:

ՊԱԾ Հակաահաբեկչական կենտրոնում հետաքննություն է անցկացվում Վրաստանի Քրեական դատավարական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով, որը ենթադրում է պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում և պահում։