«Բորժոմի» հանքային ջրերի շշալցման գործարանի աշխատակիցներն ու ղեկավարությունը՝ երեք շաբաթյա գործադուլից հետո, համաձայնության են եկել։

IDS Borjomi Georgia-ն համաձայնել է կատարել աշխատողների պահանջների մեծ մասը։ Աշխատանքից ազատված հիսունից 48-ը կվերադառնան իրենց գործին։ Մնացածն իրենց կամքով են որոշել հեռանալ։

«Մենք համաձայնեցրել ենք մեր ունեցած պահանջների գրեթե 90%-ը», – ասել է գործարանի աշխատակից Գիվի Ցիցքիշվիլին այն բանից հետո, երբ գործադուլավորները հանդիպել են IDS Borjomi Georgia-ի գործադիր տնօրեն Իվանե Մաճավարիանիի հետ երկուշաբթի օրը:

Վարչակազմը նաև համաձայնել է ձեռնարկության տարածքում տարածքներ հատկացնել արհմիությունների գործունեության համար։ Արհմիության անդամակցության համար յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից կփոխանցվի 1 տոկոս։

Վարչակազմը չի համաձայնել գործադուլի շրջանի դիմաց աշխատողներին փոխհատուցում վճարել։ Այս պատճառով 15 հոգի մտադիր են խմբակային հայց ներկայացնել դատարան։

Բողոքողները պահանջում էին նաև երկու ամսվա հետաձգված աշխատավարձերի վճարումը, աշխատանքային պայմանների բարելավումը և անժամկետ աշխատանքային պայմանագրեր։ Այս պահի դրությամբ պարզ չէ, արդյո՞ք այդ կետերը կկատարվեն։

Արդեն այսօր՝ հունիսի 21-ին, գործարանում կսկսվեն նախապատրաստական ​​սանիտարական և այլ աշխատանքներ։ Արտադրական գործընթացը կվերսկսվի հաջորդ շաբաթվանից։

Բորժոմիի երկու գործարանները գրեթե երեք ամիս դադարի մեջ էին։ Ապրիլի վերջին IDS Borjomi-ն հայտարարել էր ֆինանսական խնդիրների մասին և դադարեցրել հանքային ջրի շշալցումը։ Ընկերությունը հայտնվել էր պատժամիջոցների տակ՝ կապիտալում ռուսական մասնաբաժնի պատճառով:

Որոշ ժամանակ անց գործարանները վերսկսել էին աշխատանքը, սակայն ընկերությունը փորձել էր աշխատողներին տեղափոխել վարձատրության նոր պայմանների, ինչի արդյունքում էլ սկսվել էր գործադուլը։

IDS Borjomi International-ի սեփականատերերը վերջերս բաժնետոմսերի մի մասը՝ 7,73%-ը, նվիրաբերել են Վրաստանի կառավարությանը։ Այսպիսով, Միխայիլ Ֆրիդմանի «Ալֆա Գրուպ»-ը կորցրել է իր բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչը հնարավորություն է տալիս արտադրությունն ազատել պատժամիջոցներից։

Իրենց բաժնեմասով վրացական իշխանությունները մյուս բաժնետերերի՝ հանգուցյալ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքի հետ միասին, կդառնան վերահսկող սեփականատերեր։