Բորժոմիի բալնեոլոգիական և կլիմայական հանգստավայրում բացվել է ամառային սեզոնը` ներքին զբոսաշրջությունը խթանելու համար, քաղաքային իշխանությունները պատմական Կենտրոնական զբոսայգու մուտքավճարը հանել են մինչև 2020 թվականի ավարտը:
Քաղաքը հանգստյան սեզոնը դիմավորեց նորացված ենթակառուցվածքով: Այս մասին հաղորդում են Բորժոմիի մունիցիպալիտետից:
Նախօրեին բացվել է նոր կամուրջ, որը գտնվում է Կենտրոնական զբոսայգի տանող ճանապարհին: Հին կամուրջը վերջին տարիներին վթարային վիճակում էր: Ծրագիրն իրականացվել է կենտրոնական և մունիցիպալ բյուջեներից ստացված միջոցներով:
Բորժոմին Վրաստանի ամենահայտնի և հանրաճանաչ հանգստավայրերից մեկն է: Այստեղ տարեկան այցելում է մի քանի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկ: Բորժոմիի կլիման չափավոր խոնավ է: Կլիմատոթերապիայի տեսանկյունից լավագույն ժամանակահատվածը հունիս-հոկտեմբերն է համարվում:
Քաղաքը տեղակայված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա, գեղատեսիլ կիրճում, որտեղ կան հրաբխային ծագման հանքային ջրի բնական աղբյուրներ:
Տեղական հանքային ջրի պատմությունը մոտ 2 հազար տարի է հաշվվում: Կիրճում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են քարից և փայտից կառուցված մի քանի բաղնիքներ և լողավազաններ:
Բորժոմիի հանքային ջուրը օգտագործվում է աղեստամոքսային տրակտի, լեղային ուղիների, նյութափոխանակության, երիկամների հետ կապված հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև լոգանքի համար՝ սրտանոթային հիվանդությունների, նյարդային համակարգի և շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում: