Երկու հայտնի վրացական սոուսների՝ աջիկայի և տղեմալիի համար, կօգտագործվի ծագման վայրի աշխարհագրական նշում: Այս մասին հայտնում է «Սաքպատենտ»-ը։
Մթերքի յուրահատկությունը հաստատող կարգավիճակն աջիկային և տղեմալիին կհատկացվի երեք ամսվա ընթացքում՝ բոլոր պաշտոնական ընթացակարգերն ավարտվելուն պես:
Սովորաբար աշխարհագրական տեղանքի նշումով ապրանքները մեծ պահանջարկ ունեն, մինչդեռ դրանց գները շատ ավելի բարձր են, քան դրանց անալոգների արժեքը:
«Սաքպատենտ»-ը կարծում է, որ աջիկայի և տղեմալիի հատուկ կարգավիճակը կօգնի շրջանների և գյուղատնտեսական զբոսաշրջության զարգացմանը, կխթանի նոր աշխատուժի ներգրավմանը և կբարձրացնի Վրաստանի ճանաչելիությունը:
Գերատեսչության փաստաթղթերի համաձայն՝ աջիկան աբխազական ծագման արտադրանք է։ «Ապիրպիլ-ջիկա» աբխազերենից թարգմանաբար նշանակում է «պղպեղային աղ»: Դասական աջիկայի պատրաստման համար օգտագործվում է կարմիր կծու պղպեղ, աղ, սխտոր և չորացված համեմ։ Երբեմն ավանդական բաղադրիչներին ավելացնում են ընկույզ և տարբեր համեմունքներ։
Սալորի սոուսը՝ տղեմալին, «Սաքպատենտ»-ն անվանում է վրացական սեղանի(սուփրա) այցեքարտ։ Նշվում է, որ այսօր այն պատրաստում են երկրի բոլոր շրջաններում, սակայն Արեւմտյան Վրաստանը համարվում է տղեմալիի ծննդավայրը։
Այժմ Վրաստանի պետական ռեեստրում գրանցված են երկու տասնյակից ավելի աշխարհագրական նշումներ, որոնք օգտագործվում են «մածոնիի», «չուրչխելայի», «ճաճայի» համար։ Ընդգրկված են նույնիսկ «ախալքալաքյան կարտոֆիլն» ու «քութայիսյան կանաչին»։