նորություններ 15 Ապրիլի, 2026 • Կլինի՞ արդյոք Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ պուրակ

Ախալքալաքի արվարձանում գտնվող վրացի մեծ գրող Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ  պուրակ կառուցելու մասին որոշումը կայացվել էր չորս տարի առաջ, սակայն այս նախագծի իրագործումը ձգձգվում է։

2023 թվականին որոշվեց Շոթա Ռուսթավելիի հուշարձանի շրջակայքը վերածել այգու, որտեղ կարող էին ժամանակ անցկացնել և՛ տեղացիները, և՛ զբոսաշրջիկները։ Սակայն կար մեկ «բայց». այս տարածք հասնելը չափազանց դժվար է՝ հաշվի առնելով դրա բարձրադիր դիրքը՝ մայրուղու մոտ, որտեղ տեղաշարժը շատ է։

Չնայած դրան, երկամյա նախագիծը մեկնարկել է 2024 թվականին: Հողափորման աշխատանքները կատարվել են 154,369.69 լարիով: Արդյունքում, չնայած մրցույթով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, սակայն տարածքի բարեկարգումն ավարտին չի հասցվել: Բանն այն է, որ քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել նախագծում, որի արդյունքում անցած տարի՝ 2025 թվականին, պետք է անցկացվեր նոր մրցույթ: Փոփոխված նախագծի համաձայն՝ տարածքը պետք է մեծացվեր, ունենար լուսավորված պուրակ, ինչպես  նաև կայանատեղի:

Նախագծի փոփոխություններից հետո առաջին մրցույթը հայտարարվել էր 2025 թվականի հունիսի 17-ին։ Այս էլեկտրոնային մրցույթին մասնակցել է միայն «ՄԻԿ 23» ՍՊԸ-ն։ Մրցութային հանձնաժողովը անճշտություններ էր հայտնաբերել դիմումում ներկայացված ծախսերի հաշվետվության մեջ։ Այս առումով որոշվել էր դադարեցնել մրցույթը և այն կրկին հայտարարել՝ ճիշտ և պատշաճ հաշվետվողական փաստաթղթերի տրամադրման պահանջով։

Երկրորդ մրցույթը հայտարարվել էր հուլիսի 16-ին, բայց չէր կայացել։ Երրորդ մրցույթը հայտարարվել էր օգոստոսի 6-ին և նույնպես, առաջարկների ընդունման վերջնաժամկետից հետո, չէր կայացել։ Ինչպես այդ ժամանակ հայտնել էր քաղաքապետարանը՝ պատճառն այն էր, որ առաջարկներ չէին եղել։

 «Ախալքալաքի մունիցիպալիտետի Ռուսթավելիի հուշարձանի մոտ պուրակի վերակառուցման» համար մրցույթը կայացել է չորրորդ փորձից: Մրցույթը չորրորդ անգամ հայտարարվել է սեպտեմբերի 26-ին։ Առաջարկներն ընդունվել են մինչևվհոկտեմբերի 7-ը։ Թբիլիսիում գործող «Պարամետր» ընկերությունը շահել է մրցույթում՝ 440 000 լարի գումարով։ Սկզբնական մրցույթի գինը կազմել է 458 829 լարի։ Նոր նախագծով առաջարկվում է մեծացնել պուրակի տարածքը, տեղադրել լուսավորություն և նստարաններ, ինչպես նաև տեղադրել սրտաձև ինստալյացիա։ Առաջարկվում է նաև կառուցել դեպի պուրակ տանող աստիճան, որը կսկսվի քաղաքի բերդերի տարածքից կհասնի պուրակ և կավարտվի քաղաքի մուտքի ցուցանակի մոտ։

Նախագծի պայմանների համաձայն՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրման օրվանից 150 օրացուցային օրվա ընթացքում (100 օր 2025 թվականին և 50 օր 2026 թվականին՝ մայիսի 1-ից): Սակայն պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 3-ին, ինչը նշանակում է, որ 2025 թվականին աշխատանքների համար չէր  մնում 100 օր։ Չնայած 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին չոր, արևոտ եղանակին, աշխատանքները այդպես էլ չէին սկսվել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Արա Մովսիսյանի խոսքով՝ նախագիծը կիրականացվի, և պայմանագիրը ստորագրված է։

«Կային որոշ խնդիրներ, որոնցից մի քանիսը ինչ-որ չափով լուծվել են, բայց վերջին մրցույթն արդեն ընթացքի մեջ է։ Հենց որ եղանակը տաքանա, և այն բարենպաստ լինի, աշխատանքները կսկսվեն։ Մենք կշարունակենք նախագծի իրականացումը՝ վերևից ներքև ձգվող երկաթյա աստիճաններով՝ այդպես էլ կանենք։ Ինչ վերաբերում է կայանատեղիի խնդրին, դա նախագծում ներառված չէ, բայց դա ապագայի հարց է։ Պուրակը պատրաստ կլինի, կտեսնենք՝ ինչ կլինի, և եթե կայանատեղիի անհրաժեշտություն առաջանա, ինչ-որ բան կմտածենք», — ասում է Արա Մովսիսյանը։

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝