նորություններ 17 Ապրիլի, 2026 • Օտար պատերազմ` սեփական կորուստներ

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական կողմերը չեն հրապարակել ճշգրիտ և ստուգված տվյալներ զոհերի թվի մասին, առավել ևս՝ թե երկու կողմերից քանի հայ է զոհվել։ Գոյություն չունի նաև հստակ վիճակագրություն այս պատերազմում զոհված ջավախքցի հայերի մասին։

Պատերազմը հաճախ ցավ, կորուստներ և լռություն է բերում դրա մասնակիցների ընտանիքներ։ Վերջին տարիներին Ուկրաինայում պատերազմն ազդել է ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրների, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ ընտանիքների վրա։ Ջավախքի բնակիչները և ջավախքցիները, ովքեր երկար տարիներ աշխատել և ապրել են Ռուսաստանում, ներքաշվում են այս իրողության մեջ։ Երբեմն դա տեղի է ունենում կյանքի դժվարին հանգամանքների, ֆինանսական դժվարությունների կամ անկայունության պատճառով։ Արդյունքում, չոր լուրերի հետևում թաքնված են իրական մարդկային ճակատագրեր և անձնական ողբերգություն։

Պատերազմում զոհվածները

Բավրա գյուղի մուտքի մոտ դիմավորում է ցուցանակը՝ լուսանկարով և գրությամբ. «Վանո Ասլանյան, 45»: Վանոն ծնունդով Բավրայից է, բայց երկար ժամանակ ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում, որտեղ պայմանագիր է կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ և մեկնել է կռվելու Ուկրաինայում: Վանոն զոհվեց պատերազմում և հուղարկավորվեց իր հայրենի Բավրա գյուղում ապրիլի 8-ին։

«Ի՞նչ պատճառով էր նա գնացել պատերազմ, ես չգիտեմ։ Բայց ինչո՞ւ են մարդիկ գնում պատերազմ։ Ոմանք՝ փողի համար, ոմանք էլ՝ պարտավոր են։ Նա վաղուց էր այնտեղ ապրում՝ ավելի քան 20 տարի։ Նրանք ապրում էին այնտեղ, որտեղ գործ կար։ Նրան հուղարկավորեցին այստեղ, որովհետև նրա մայրն այդպես ցանկացավ, որ նա հանգչի խաղաղությամբ իր հայրենի հողում», — պատմում է Վանո Ասլանյանի համագյուղացին։

2025 թվականի դեկտեմբերին 35-ամյա Գուրգեն Ափոյանին հուղարկավորեցին Սուլդա գյուղում։ Ի տարբերություն մյուսների, Գուրգենը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի բնակիչ էր։ Երկար տարիներ նա մեկնում էր արտագնա աշխատանքի Ռուսաստան, և վերջին անգամ նա ևս մեկնել էր այդ նպատակով։

«Նա ամուսնացած էր և ունի երկու երեխա։ Նա խնդիրներ ուներ փաստաթղթերի հետ, և, ամենայն հավանականությամբ, ընտրել է պատերազմի ճանապարհը՝ այդպես են ասում։ Նրան, ըստ երևույթին, այդ տարբերակն են առաջարկել։ Շատերը, ովքեր մեկնում են խոպան, ասում են, որ երբ ժամանում են ՌԴ և ձեռք են բերում SIM-քարտեր, զանգեր են ստանում՝ առաջարկով գումարի դիմաց գնալ պատերազմ։ Եթե տվյալ անձը համաձայնվում է, նրան ուղարկում են։ Եթե մարդիկ գիտակցեին, որ ոչ մի փաստաթուղթ կամ գումար կյանքից թանկ չէ, կարծում եմ՝ չէին գնա կռվելու ուրիշի պատերազմում։ Այս պատերազմը մեր հողի համար չէ», — պատմում է Ափոյանների ընտանիքի ծանոթը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղից, 36-ամյա Վանյա Այվազյանը, որը զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում, հուղարկավորվել է Ռուսաստանում։ Նա կին և երեխաներ չուներ։ Նրա ընտանիքը դեմ էր նրա պատերազմ մեկնելուն, բայց չնայած նրանց առարկություններին, նա այնուամենայնիվ գնացել է։ Շուտով նրա ընտանիքն իմացավ վերջինիս մահվան լուրը։

«Նա երկու կամ երեք տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան։ Նա զինվորական չէր, բայց պատերազմ գնաց ինքնակամ։ Մոտ մեկ կամ երկու ամիս անց նա զոհվեց։ Նա ռազմական պատրաստվածություն չուներ։ Ես չգիտեմ, թե ինչու նա որոշեց դա անել. դե երևի, երիտասարդը չէր մտածել հետևանքների մասին։ Նրա ընտանիքը կտրուկ դեմ էր, բայց նրանք չկարողացան կանգնեցնել նրան։ Նա նույնիսկ սեփական ընտանիք չուներ։ Երևի մարդիկ ընկնում են քարոզչության կամ համոզման թակարդը։ Նրանք պարզապես գնում են։ Երբ նա մահացավ, նրա ընտանիքին հեռախոսով տեղեկացրին։ Նրան հուղարկավորեցին ավելի ուշ՝ նրա մարմինը տուն բերելու համար ժամանակ պահանջվեց։ Նրան հուղարկավորեցին հունվարին՝ Բարնաուլում», — ասում է Վանյայի ազգականը։

Voina 2
Նման տեղեկատվություն է տարածվում Վրաստանում

Փողն ու քաղաքացիությունը՝ մահվան դիմաց…

Անցյալ տարվանից ի վեր Վրաստանում շրջանառվում են գրավիչ ֆինանսական պայմաններ առաջարկող գովազդներ, որոնք նպատակ ունեն քաղաքացիներին ներգրավել այսպես կոչված «СВО»-ի շրջանակներում պայմանագրային զինծառայության: Այս գովազդներն առաջարկում են պայմանագրեր ՌԴ Պաշտպանության նախարարության հետ: Դրանցում խոստանում են մինչև 2,500,000 ռուբլի միանվագ վճարումներ, ամսական փոխհատուցում՝ սկսած 210,000 ռուբլիից, և արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն՝ թեկնածուի և նրա ընտանիքի անդամների համար երկու շաբաթվա ընթացքում ձևակերպում: Հավելյալ, նշվում է, որ վճարվում են ցանկացած քաղաքից ճանապարհորդության և կացության ծախսերը, տրամադրվում է ժամանակակից հանդերձավորում և զինավորում, ինչպես նաև կազմակերպվում է հրահանգիչների ղեկավարությամբ ուսուցում և փաստաթղթերի արագացված ձևակերպում 1-2 օրվա ընթացքում։

Նման գովազդների տեքստում ընդգծվում է վրացի քաղաքացիների համար «բացառիկ հնարավորությունը»՝ դառնալու «նշանակալի պատմական իրադարձության» մասնակից։ Ընդգծվում են վրացիների բնորոշ ռազմական որակները և մարտական ոգին։ Ռազմական գործողություններին մասնակցությունը ներկայացվում է որպես մասնագիտական աճի, կայուն եկամտի և սոցիալական երաշխիքների հնարավորություն։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ թեկնածուներն ընտրվում են ֆիզիկական պատրաստվածության և մասնագիտական հմտությունների հիման վրա, որին հաջորդում է հարցազրույցը և պայմանագրի կնքումը։ Գովազդներում նաև հիշատակվում է «Հայրենիքի Ուժը» կազմակերպությունը, որը, ենթադրաբար, օգնում է օտարերկրյա քաղաքացիներին փաստաթղթերի ձևակերպման հարցում և խոստանում օրինական բնակություն և նոր հեռանկարներ։

Նման նյութերը, ըստ էության, Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար հավաքագրելու փորձեր են։ Տեղեկատվությունը մատուցվում է առավել գրավիչ ձևով՝ շեշտը դնելով ֆինանսական շահույթի, սոցիալական երաշխիքների և արագ վարչական ընթացակարգերի վրա, որոնք կարող են մարդկանց մոլորեցնել նման որոշման իրական ռիսկերի և հետևանքների առնչությամբ։

Զոհված հայերի վիճակագրությունը

Պատերազմում զոհված Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների մասին տեղեկություններ փնտրելիս Jnews-ն ուսումնասիրել է երկու հարթակների տվյալների բազաները՝ «Потери.нет» (սա նախագիծ է, որն իրեն դիրքավորում է որպես ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ փաստագրված ռուս զինվորականների կորուստների տվյալների բազա: Այս ռեսուրսը հավաքագրում է բաց տվյալներ (մահախոսականներ, հարազատների հաղորդագրություններ, սոցիալական ցանցերի գրառումներ)՝ անձնակազմի կորուստները հաշվարկելու համար) և «Медиазона» (հրատարակություն, որը մասնագիտանում է արդարադատության հարցերում, մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանում սոցիալ-քաղաքական գործընթացներում: Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր «Медиазона»-ն նաև լուսաբանել է պատերազմը և հետաքննություններ անցկացրել Ուկրաինայում զոհված ռուս զինվորների թվի, զորահավաքված զինվորների և քաղաքական բռնաճնշումների մասշտաբների վերաբերյալ):

Այս հոդվածում մեջբերված զոհված ջավախքցիների անուններն այս ռեսուրսներում վերստուգելուց հետ՝ մենք նրանց չգտանք զոհերի թվի մեջ, սակայն սա զարմանալի չէ, քանի որ այս պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ ամբողջական և պաշտոնական տեղեկատվություն հրապարակայնորեն հասանելի չէ։ Այս տվյալների բազաներն իրենց ցուցակները կազմում են տարբեր սոցիալական ցանցերում հրապարակված մահախոսականների հիման վրա, իսկ մահախոսականներ ոչ բոլոր մահացածների հարազատներն են հրապարակում։

Այնուամենայնիվ, համախմբված տվյալներում ընդգրկված 199 823 անձանց մեջ ստուգման ընթացքում մենք գտանք համընկնումներ նրանց ազգանուններում՝ հինգ անձ՝ Ասլանյան ազգանունով, երկուսը՝ Այվազյան ազգանունով և ոչ մի հոգի՝ Ափոյան ազգանունով։

Հայաստանում գործող «Փաստերի Ստուգման Հարթակը» (FIP) ստուգել է սոցիալական ցանցերում շրջանառվող այն պնդումը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 6500 հայ։ Դրա համար մասնագետները մուտք են գործել ռուսական կողմում պատերազմի զոհերի ամենամեծ տվյալների բազա։ «Медиазона»-ի և «Փաստերի Ստուգման Հարթակի» (FIP) տվյալներով՝ հաստատվել է 841 մահվան դեպք։ Նրանցից 48-ը ծնվել են Հայաստանում, 257-ը՝ կամավորագրվել պատերազմին, իսկ 116-ը՝ ժամկետային զինծառայողներ են եղել։ Ազգությամբ հայ այս մահացածների թվում կային տարբեր զինվորական կոչումների ներկայացուցիչներ՝ յոթ կրտսեր սերժանտ, 20 լեյտենանտ, չորս կապիտան, մեկ մայոր և մեկ փոխգնդապետ։

Jnews փորձեց տեղեկություն գտնել, կան արդյոք Ուկրաինայի կողմում պատերազմող և զոհված ջավախքցիներ, սակայն նմանատիպ տվյալներ մենք չենք կարողացել գտնել: «Ուկրաինայի հայ համայնք» կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ չունեն տեղեկություն պատերազմում մասնակցում են արդյոք ջավախքցիներ թե չէ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝