նորություններ 17 Ապրիլի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալ տրանսպորտը` դեռևս առանց ժամկետների և որոշումների

Անցյալ տարի ձեռք բերված հասարակական տրանսպորտի համար ավտոբուսների հարցը տեղական իշխանությունները պետք է լուծեին դեռևս այս տարվա հունվարին։ Սակայն մինչ օրս որևէ տեսանելի առաջընթաց չի գրանցվել՝ քաղաքապետարանը նշում է, որ իրենք աշխատում են ավտոբուսներում էլեկտրոնային վճարման համակարգի ներդրման ուղղությամբ։

Քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման վարչության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով՝ այս առումով միակ փոփոխությունն այն է, որ աշխատանքներ են տարվում ուղեվարձի վճարման սարքավորումների տեղադրման ուղղությամբ։

«Մենք պետք է տեղադրենք վավերացուցիչներ։ Դրա համար մենք դիմել ենք մի քանի բանկերի և սպասում ենք Վրաստանի բանկից պատասխանի հնարավոր տեղադրման պայմանների վերաբերյալ։ Դրանից հետո մենք կորոշենք, թե ինչ քայլեր ձեռնարկենք հաջորդը։ Երթուղիները դեռևս որոշված չեն։ Օրինակ՝ Հոկամի և Կարծախի ուղղությամբ ավտոբուսներ գործարկելն անհնար է ճանապարհների վերանորոգման և դրանց վիճակի պատճառով։ Նույնիսկ մեքենայով այնտեղ այս պահին դժվար է հասնել։ Մինչև շինարարության ավարտը հասարակական տրանսպորտը անհնար է գործարկել։ Հետևաբար, մենք դիտարկում ենք երթուղիներ հակառակ ուղղությամբ», — Jnews-ին հայտնել է Մնացական Փամբուխչյանը։

Հասարակական տրանսպորտի գործունեության վերջին հանրային քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին։ Այդ ժամանակ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամները դժգոհություն էին հայտնել հասարակական տրանսպորտի գործարկման ուշացումների և դրա շահագործման համար բյուջետային միջոցների բացակայության առումով։

Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ ավտոբուսների հետ կապված խնդիրներ չկան, սակայն համակարգի գործարկումից առաջ անհրաժեշտ է լուծել մի շարք կազմակերպչական հարցեր՝ նոր ծառայության ստեղծում, վճարային համակարգերի տեղադրում, բանկերի հետ պայմանագրերի կնքում և ուղեվարձերի ու արտոնությունների սահմանում: Պատգամավորները քննադատեցին նման պատասխանները՝ ընդգծելով, որ իրենց անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ և վերջնաժամկետներ, այլ ոչ թե ծրագրեր: Պարզվեց նաև, որ երթուղիները և կայանատեղիները դեռևս վերջնականապես հաստատված չեն։

Հարկ է նշել, որ Սակրեբուլոյի պատգամավորների հետ ավելի վաղ տեղի ունեցած զրույցի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել էին, որ ուսումնասիրել են այլ մունիցիպալիտետների փորձը, մասնավորապես՝ այցելելով Ախալցիխե, որտեղ ծանոթացել են տրանսպորտային համակարգի կազմակերպմանը և առաջացած մարտահրավերներին: Դրանք ներառում էին տոմսերի տեսուչների ներգրավվածության անհրաժեշտությունը, ուղեվարձի վճարումից խուսափելու խնդիրները, վավերացուցիչների տեղադրումը, բանկերի հետ պայմանագրերի կնքումը, թոշակառուների, երեխաների և ուսանողների ուղեվարձերի և արտոնությունների սահմանումը, ինչպես նաև համապատասխան նախարարությունից անհրաժեշտ թույլտվություն ստանալը:

Հիշեցնենք, որ ներքին մունիցիպալ տրանսպորտային գծերի փորձնական շահագործման համար գնված ավտոբուսներն Ախալքալաք էին ժամանել անցյալ տարվա նոյեմբերի 19-ին։ Գնումը կատարվել էր մրցույթի պայմաններին համապատասխան։ Ախալքալաքի քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների գնման մրցույթը հայտարարել էր 2025 թվականի ապրիլի 17-ին՝ այդ նպատակով հատկացնելով 398 000 լարի։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո էր ներկայացվել խնդրագիր։ Նրանում խոսվում էր մունիցիպալիտետի քաղաքներում և գյուղերում, օրինակ՝ Ախալցիխեում մունիցիպալ տրանսպորտային ցանց ստեղծելու անհրաժեշտության մասին։

Տեղական իշխանությունները խոստացել էին 2024 թվականի բյուջեում հասարակական տրանսպորտի գնման համար միջոցներ ներառել, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով գնումը ստիպված էին եղել հետաձգել։ 2025 թվականին մունիցիպալիտետը գտել է միջոցներ, ու գնել երկու ավտոբուս։ Խնդրագրի շուրջ տեղի ունեցած քննարկումների համաձայն, տեղական իշխանությունները մտադիր են մունիցիպալիտետում գործարկել հասարակական տրանսպորտի փորձնական գիծ, ու եթե այն իրեն արդարացնի, ապա մունիցիպալիտետը հետագայում կընդլայնի հասարակական տրանսպորտի ցանցը, իսկ եթե չարդարացնի, ավտոբուսները կօգտագործվեն մունիցիպալիտետի այլ կարիքների համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝