Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ-Քարսեպ ճանապարհի 1,2 կմ հատվածի ասֆալտապատումն ընթացքի մեջ է։ Աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին։ Տենդերը շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն՝ 642000 լարիի չափով։

Աշխատանքները սկսվել են մայիսի 1-ից։ Այս պահին ասֆալտապատման հիմքը պատրաստ է, և փռվում է ասֆալտի առաջին շերտը։ Այս հատվածի վերականգնման համար մունիցիպալիտետը հատկացրել է 738 631 լարի, սակայն տենդերը «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը շահել է 642 000 լարիով։

Շինարարության վրա աշխատում են բանվորներ Ախալքալաքից, Ախալցիխեից, Ասպինձայից։

«Արդեն մեկ ամիս է ինչ աշխատում ենք, ասֆալտի առաջին շերտն արդեն փռված է, հետո կամուրջներն ենք կառուցելու, ճամփեզրերն ու ելքային ճանապարհները»,- ասաց բանվորներից մեկը։

Գյուղի տարածքում, ճանապարհի երկու կողմերում կկառուցվեն ջրանցքներ, որոնք կփակվեն երկաթե ցանցերով, կասֆալտապատվեն նաև ճանապարհից դեպի բնակիչների տներ տանող ելքային ճանապարհները։

Ճանապարհը կառուցվում է 6 մետր լայնությամբ, ոլորաններում՝ 7 մ, ասֆալտի բարձրությունը, շինարարների խոսքով, լինելու է 10 սմ է։

«Աշխատանքների ավարտման ժամկետը օգոստոսի 8-ն է, կհասցնենք, ոչ տեխնիկայի, ոչ էլ աշխատողների հետ կապված խնդիրներ չունենք: Ուղղակի եղանակը թույլ չի տալիս: Այսօր ուզում էին ասֆալտապատել, բայց եղանակը փչացավ»,- ասաց աշխատանքների ղեկավար Մկրտիչ Թումասյանը: