Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում բնակիչները դժգոհում են, որ իրենք խմելու ջուր չունեն եւ ջուրը բերում են Վաչիան գյուղից: Սուլդայում ջրամատակարարման համակարգը կառուցվել է 2015 թվականին, եւ շինարարներն ասում են, որ գյուղը խմելու ջրով ապահովված է:
Սուլդա գյուղի բնակիչը, գյուղի այլ խնդիրներից զատ նշում է, որ հիմնականը խմելու ջրի խնդիրն է:
«Մենք ջուրը բերում ենք Վաչիան գյուղից: Մեր գյուղում ջուրն ավելի թանկ է, քան բենզինը: Ես 10 լիտր բենզին եմ լցնում, որ գնամ Վաչիանից ջուր բերեմ», – ասում է Սուլդա գյուղի բնակիչը: Նրա խոսքով, իրենց գյուղի ջուրը անորակ է, ու երբ երեխաները խմում են, նրանց դեմքին ցան է հայտնվում:
Սամվել Վարդանյանը դժգոհում է, որ փողը ծախսվել է, բայց արդյունք չկա:
«Մենք Կաթնատու գյուղից ջուր ենք քաշել, բայց ջուր չկա: Միթե նրանք չեն վերահսկում, թե ուր է գնում փողը», – ասում է Սամվել Վարդանյանը:
2015 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը տենդեր էր հայտարարել՝ Դադեշ, Բոզալի և Սուլդա գյուղերում նոր ջրագծի անցկացման համար եւ դրա համար հատկացրել էր 600 322 լարի:
Տենդերը շահել էր Սուլդա գյուղից ձեռնարկատեր Ցոլակ Վարդիկյանը, ով մրցույթի միակ մասնակիցն էր եւ շահել էր մրցույթը 594 746 լարիով: Այդ գումարից 26 190 լարին նախատեսված էր Սուլդա գյուղի համար:
Երբ շինարարությունն ավարտեցին, մունիցիպալիտետն ընդունեց աշխատանքները: Խմելու ջուրն անցկացվեց գյուղ, եւ գյուղի մի քանի վայրերում տեղադրվեցին ծորակներ, իսկ ջրագծի տներում անցկացմամբ պիտի զբաղվեին անձամբ բնակիչները: Բացի այդ, համակարգն ունի ճնշման հետ կապված խնդիր, որը տձմռան ամիսներին սահմանափակում է ջրագծում ջրի քանակը:
Ցոլակ Վարդիկյանն ասում է, որ մինչև գյուղ նոր ջրագծի անցկացումը կատարվել է բնական աղբյուրից, որը գտնվում է Գոնդուրա եւ Դիլիֆ գյուղերից 25 կմ հեռավորության վրա:
«Մենք գյուղում ջուր ունենք, իսկ շինարարական աշխատանքները կատարվել են նորմալ: Ձմռանը մեզ մոտ ջուրը գալիս է երկու ժամով՝ գյուղի յուրաքանչյուր հատվածում, եւ այդ ժամանակահատվածում մարդիկ կարող են բավարար քանակությամբ ջուր վերցնել: Գարնանը ջուրը հոսում է շուրջօրյա, նույնիսկ դաշտերն են ջրում: Պարզապես ձմռանը ջուրը չի բավականեցնում», – պարզաբանեց Ցոլակ Վարդիկյանը:
Շուշան Շիրինյան