Սուլդա գյուղում խմելու ջրի խնդիրը անլուծելի է դարձել, չնայած նրան, որ մի շարք նախագծեր են իրականացվել գյուղը խմելու ջրով ապահովելու համար: Այսօր՝ մարտի 10-ին, Սուլդայի բնակիչները Ախալքալաքի քաղաքապետարանում բողոքում էին, որ գյուղում խմելու ջուր չունեն։ Նրանք հանդիպեցին խորհրդարանի պատգամավորին՝ պարզելու, վերջ ի վերջո ե՞րբ է հարցը լուծում ստանալու:

Սուլդացիները կես կատակ, կես լուրջ ասում են, որ գյուղի երիտասարդներին ոչ մի տեղից աղջիկ չեն տալիս, հենց իմանում են Սուլդա գյուղի անունը միանգամից հրաժարվում են:

suldaciner

«Մենք ոչ ջուր ունենք, ոչ գազ, ընդհանրապես Վրաստանի ժողովրդի հետ կապ չունենք: Ես մի ամիս է չեմ լողացել, միշտ ու հիմա էլ մեքենայիս մեջ մեծ տարաներ կան, որ ջուր տանեմ տուն։ Տանը 5 երեխա ունենք, ամեն օր ջուր ենք կրում Վաչիանից, որպեսզի երեխաներս լողանան, հնարավորություն չունեմ այնքան տանեմ, որ ես էլ լողանամ։ Սա է մեր խնդիրը։ Ես 37 տարեկան տղա եմ, դեռ չեմ տեսել, որ մեր գյուղում նորմալ ջուր լինի։ Ասում են ջուրը գյուղ կհասցնեն, բայց արդեն 35 տարի է ասում են», – ասաց Սուլդա գյուղի բնակիչ Ափոյան Ռադիկը։

Ինչպես գյուղացիներն են նշում, ջուրը գարնան հետ է գալիս իրենց գյուղ, այն էլ աղտոտված: Սուլդացիները կարծում են, որ ջուրը խողովակներում քիչ է, այդ պատճառով էլ այն սառել է։

«Ջուր ունենալու հետ կապված համապատասխան գործողություններ կատարվել են: Նախագծեր են մշակվել, ջուրը եղել է, բայց այսօր ջուր չունենք։ Իմ կարծիքով ջրի պաշարները, բնական ռեսուրսները քչացել է, և, ցավոք մենք այսօր ջուր չունենք», – ասաց Սուլդա գյուղի լիազոր Զարզանդ Կուջոյանը։

Գյուղացիներն իրենց խնդիրը ներկայացրին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին: Նրանք պատգամավորին պատմեցին, որ Վաչիանի աղբյուրների մոտ սուլդացիների հերթ է գոյանում, ովքեր խմելու ջուր են տանում։ Նրանց համար շատ դժվար է ամեն օր ջուր կրել, հատկապես վերջին շրջանում, երբ դիզվառելիքի գներն օր օրի բարձրանում են: Եվ բոլորը չէ, որ մեքենա և վառելանյութ ունեն Վաչիան հասնելու համար:

manukyan suldaciner

Սուլդացիները պատգամավորին առաջարկեցին կամ իրենց հետ սար բարձրանալ և տեղում պարզել, թե ինչի ջուրը գյուղ չի հասնում, կամ մեքենա տրամադրել, որ ամեն օր գյուղին ջուր բաժանի:

«Առաջինը ձյունը պետք է հալչի, որ կարողանանք բարձրանալ վերև, մասնագետ բերենք, տեսնենք ինչ հնարավորություն կա, և մեր հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկենք, ջրին օգնենք գա գյուղ հասնի։ 1 800 000 լարի էինք հատկացրել, մրցույթ հայտարարեցինք, բայց մասնակից չլինելու պատճառով գումարը նորից հետ գնաց: Իսկ տեղական բյուջեն այդքան միջոցներ չունի, հիմա ասում են, որ նոր նախագիծ են մշակել, որի բյուջեն 3 000 000 լարի է կազմում: Մենք այսօր մեր հնարավորությունների սահմաններում պետք է գումար հատկացնենք և հին ծրագիծը գործարկենք, որ ջուրը հոսի», – ասաց պատգամավոր Սամվել Մանուկյանը։

Սուլդացիները հերթական անգամ հույսով հեռացան քաղաքապետարանի շենքից, կարծելով, որ գոնե այս անգամ խնդիրը լուծում կստանա և իրենք ստիպված չեն լինի այս հարցով նորից քաղաքապետարան հասնել։

Գայանե Ակոջյան