Այսօր Ախալքալաքի կենտորնական փողոցներում մանկան խինդն էր տիրում՝ գույնզգույն փուչիկներ, նկարազարդ դեմքեր, անհոգ ժպիտներ, խնդուն աչքեր: Փոքրիկները նշեցին տարվա ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Սուրբ Խաչ եկեղեցու բակում իսկական տոնակատարություն էր։ Երգի, պարի և հետաքրքիր խաղերի միջոցով Ջավախքի փոխառաջնորդությունը երեխաների օրը վերածեց գեղեցիկ տոնի։
Եկեղեցու բակում Ախալքալաքի բնակիչ Արմեն Մկոյանը պաղպաղակ էր հյուրասիրում մանուկներին: Ամենուր մանուկների պարզ ու անմեղ ծիծաղի ձայնն էր:
Խաղաղության երթով, երգով ու պարով ներկայացան նաև Ախալքալաքի հայկական կրթամշակութային երիտասարդական կենտրոնի սաները։
«Խաս բախչա» զբոսայգին նույնպես լի էր մանուկներով: Այստեղ միջոցառումը կազմակերպել էր քաղաքապետարանը։ Երգերով և պարերով ներկայացավ Ախալքալաքի մշակույթի տունը: Այգու կենտրոնում Նկարչական դպրոցի սաներն էին նկարում, իսկ մյուս հատվածում «Պույ-պույ» տիկնիկային թատրոնն էր ներկայացում ցուցադրում:
Ախալքալաքի տեղական զարգացման խմբի ներկայացուցիչներն այսօր ներկա եղան թիվ 2 մանկապարտեզում տեղի ունեցած միջոցառմանը: Նրանք «Նախադպրոցական կրթության նոր չափանիշների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում Ախալքալաքի մունիցիպալիտետում» նախագծի շրջանակներում նախակրթարանին նվիրեցին ինտերակտիվ գրատախտակ, խաղալիքներ և կահույք:
Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: