նորություններ 9 Օգոստոսի, 2026 • Սաղամո․ զբոսաշրջային մեծ ներուժով գյուղը (Photo)

Ջավախքի Սաղամո գյուղը բնության և պատմամշակութային հարուստ ժառանգության եզակի համադրություն է։ Սաղամո լճի ափին գտնվող այս փոքրիկ բնակավայրը հայտնի է իր գեղեցիկ բնապատկերներով, երեք հին եկեղեցիներով և միջազգային զբոսաշրջային երթուղու վրա գտնվելու հանգամանքով։ Սակայն այս բոլոր առավելությունները դեռևս չեն վերածվել գյուղի բնակիչների համար եկամտի նոր հնարավորությունների։5

Այսօր Սաղամոյում բնակվում է ընդամենը 34 ընտանիք։ Վերջին տարիներին գյուղը ևս մի քանի ընտանիքով պակասել է, իսկ բնակչության կրճատման հետ մեկտեղ փոխվել է նաև գյուղի տնտեսական պատկերը։

05

Այս թեմայի շուրջ զրուցել ենք Սաղամոյի բնակիչ Համլետ Կուլիջանյանի հետ։ Նրա խոսքով՝ Սաղամոն միշտ հայտնի է եղել որպես անասնապահական գյուղ։ Ընդարձակ արոտավայրերն ու խոտհարքները տասնամյակներ շարունակ գյուղացիների հիմնական հարստությունն են եղել, իսկ անասնապահությունը՝ բնակիչների գլխավոր ապրուստի միջոցը։

06

«Մեր գյուղում անասնապահությունը միշտ առաջնային զբաղմունք է եղել։ Արոտավայրեր շատ ունենք, պայմաններն էլ միշտ նպաստավոր են եղել, բայց վերջին տարիներին անասնապահությունը զգալիորեն նվազել է։ Ճիշտ է Սաղամոն միշտ էլ շատ արոտավայրեր է ունեցել, սակայն վերջին տարիներին արոտավայրերն էլ են խնդիր դարձել, քանի որ թուրքերի անասունները սարերից իջեցնում են երեկոյան ժամերին և արածեցնում են մեր արոտավայրերում»,– ասում է նա։

1

Կուլիջանյանի խոսքով՝ այսօր արդեն 6–7 ընտանիք ամբողջությամբ դադարել է զբաղվել անասնապահությամբ, ինչը Սաղամոյի համար նախկինում դժվար պատկերացվող երևույթ էր։

«Այս ամենին զուգահեռ այսօր արդեն կան ընտանիքներ, որոնք այլևս կով չեն պահում։ Դա մեզ համար անսովոր պատկեր է»,– նշում է նա։

Պատճառները, ըստ նրա, մի քանիսն են։

«Երիտասարդներն այսօր չեն ուզում կով կթել, անասուն պահել։ Իսկ տարեց կանայք, ովքեր տարիներ շարունակ իրենց ուսերին են կրել այդ ամբողջ ծանր աշխատանքը, արդեն ֆիզիկապես չեն կարող շարունակել։ Այդ պատճառով շատ ընտանիքներ կամ կրճատում են անասունների թիվը, կամ ընդհանրապես հրաժարվում են անասնապահությունից»,– ասում է Համլետ Կուլիջանյանը։

2

Պետք է նաև նշել, որ գյուղացիները հիմնականում հանձնում են կաթը և այլևս չեն զբաղվում կաթի մշակմամբ կամ գյուղմթերքի իրացման հարցերով։

Չնայած դժվարություններին՝ Սաղամոն ունի զարգացման մեկ այլ կարևոր հնարավորություն՝ զբոսաշրջությունը։ Գյուղը գտնվում է Սաղամո լճի ափին, որը պահպանվող բնական տարածք է և ամեն տարի գրավում է բազմաթիվ այցելուների ուշադրությունը։ Բացի այդ, գյուղի միջով անցնում է զբոսաշրջային մայրուղին, որով հազարավոր ճանապարհորդներ են երթևեկում դեպի Սամցխե-Ջավախքի տարբեր տեսարժան վայրեր։

07

Սակայն զբոսաշրջային այս հոսքը գրեթե ոչ մի տնտեսական ազդեցություն չի թողնում համայնքի վրա։ Գյուղում չկան փոքր գյուղմթերքի խանութներ, տեղական արտադրանքի վաճառքի կետեր, սրճարաններ կամ զբոսաշրջիկների համար նախատեսված կանգառներ։

03

Հարցին, թե ինչու գյուղում նման նախաձեռնություններ չեն իրականացվում, Համլետ Կուլիջանյանը պատասխանում է.

«Դա երիտասարդների գործն է։ Նրանք կարող են նոր գաղափարներ իրականացնել, բայց երիտասարդների մեծ մասը արտագնա աշխատանքով է զբաղվում, իսկ գյուղում մնացողները հիմնականում օգնում են ծնողներին՝ շարունակելով գյուղատնտեսական աշխատանքները։ Այդ պատճառով նման ծրագրերով զբաղվող մարդիկ գրեթե չկան»։

Սաղամոն հարուստ է նաև պատմամշակութային ժառանգությամբ։ Գյուղում պահպանվել են երեք հին եկեղեցիներ, որոնք կարող են դառնալ մշակութային զբոսաշրջության կարևոր կանգառներ։ Բնությունը, լիճը, պատմական հուշարձաններն ու ճանապարհի վրա գտնվելը բոլոր նախադրյալներն են ստեղծում, որպեսզի այստեղ զարգանան ընտանեկան փոքր բիզնեսները՝ գյուղմթերքի, մեղրի, պանրի, ձեռագործ հուշանվերների վաճառքը կամ փոքրիկ սրճարանները։

04

Այսօր Սաղամոն շարունակում է ապրել իր ավանդական գյուղական կյանքով, սակայն համայնքի առջև կանգնած մարտահրավերներն ակնհայտ են։ Բնակչության նվազումը, երիտասարդների արտագաղթը և անասնապահության անկումը փոխում են գյուղի դիմագիծը։ Միևնույն ժամանակ, Սաղամոն շարունակում է պահպանել այն ներուժը, որը ճիշտ ծրագրավորման և աջակցման դեպքում կարող է դառնալ համայնքի տնտեսական զարգացման նոր ուղղություն՝ համադրելով գյուղատնտեսությունն ու կայուն, բնությանը համահունչ զբոսաշրջությունը։08

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝