նորություններ 18 Օգոստոսի, 2026 • Աբուլի գագաթին․ Ջավախքի բարձունքը՝ երազանքից իրականություն (Photo)

Աբուլ լեռը Ջավախքի խորհրդանիշներից մեկն է։ Այն Ջավախքի ամենաբարձր գագաթն է, և գրեթե յուրաքանչյուր ջավախքցի իր սրտում պահում է մի երազանք՝ մի օր բարձրանալ Աբուլի գագաթը, հաղթահարել այդ բարձունքն ու վերևից նայել իր հարազատ բնօրրանին։

Բայց երբեմն երազանքն իրականություն դարձնելու համար միայն ցանկությունը բավարար չէ։ Պետք է նաև լավ ընկերակցություն, ճիշտ կազմակերպված ճանապարհ, համարձակություն ու մի փոքր արկածախնդրություն։ Հենց այդ հնարավորությունն էլ այս անգամ ստեղծեց Jnews-ը՝ միավորելով մարդկանց, ովքեր ցանկանում էին ոչ միայն բարձրանալ Աբուլ, այլև այդ ճանապարհը դարձնել հաճելի, հետաքրքիր ու հիշարժան։

IMG_1239

Մեր վերելքը սկսվեց Աբուլ գյուղից։ Այստեղից ամենագնացով բարձրացանք մինչև մոտ 2500 մետր բարձրություն, իսկ հետո արդեն ճանապարհը շարունակեցինք ոտքով։

Առաջին իսկ քայլերից զգացվում է, որ Աբուլը սովորական զբոսանքի վայր չէ։ Լեռան գագաթային հատվածը գրեթե ամբողջությամբ պատված է հրաբխային քարերով, որոնք զգալիորեն բարդացնում են վերելքը։

IMG_1187

Գագաթ բարձրանալու համար կարելի է ընտրել կենտրոնական հատվածը։ Այս ճանապարհը համեմատաբար կարճ է, սակայն մանր ու շարժուն քարերը հաճախ բառացիորեն փախչում են ոտքերի տակից։ Արդյունքում, չնայած ճանապարհի կարճությանը, այն ավելի մեծ էներգիա և ֆիզիկական ուժ է պահանջում։

Մյուս տարբերակը գագաթի ձախ հատվածով բարձրանալն է։ Այստեղ քարերը մեծ են ու ավելի կայուն, ինչի շնորհիվ քայլելը համեմատաբար հեշտ է և պահանջում է ավելի քիչ ծանրաբեռնվածություն։

Միևնույն ժամանակ, Աբուլի կտրուկ թեքություններն ու բարձրությունը պետք է հաշվի առնել։ Սրտանոթային կամ շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար նման վերելքը ցանկալի է նախապես քննարկել բժշկի հետ և առանց անհրաժեշտ պատրաստվածության չնախաձեռնել։

Աբուլի առաջին գագաթին գտնվում է լեռան սրբավայրը՝ Սուրբ Խաչատուրը։  Հարակից գյուղերի բնակիչները ամեն տարի Վարդավառի տոնին ուխտագնացություն են կազմակերպում այստեղ։ Վերելքը սկսում են գիշերը, իրենց ուխտը կատարում են լուսաբացին այս Սրբավայրում և արևածագը դիմավորում են լեռան գագաթին, իսկ կեսօրին արդեն վերադառնում են գյուղեր և նշում Վարդավառը։

IMG_1228

Պետք է նաև նշել, որ այս Սրբավայրի հետ կապված շրջակա գյուղերի տարեց բնակիչները սերնդեսերունդ հետաքրքիր պատմություններ ու լեգենդներ են փոխանցում։ Ըստ տարեցների պատմածի՝ գյուղում մի շնորհով կին է ապրել, ով երազում տեսել է, որ ներկայիս Սրբավայրի տարածքում է գտնվում սուրբ Խաչատուրի գերեզմանը։ Վարդավառի տոնին այս կինը բարձրացել է Սուրբ Խաչատուրի գերեզմանը գտնելու, նրա հետևից են գնացել գյուղից նաև այլ ուխտավորներ, որոնց մեջ գտնվել է նաև հղի մի կին։ Հղի կնոջ ընտանիքը դեմ է եղել, որպեսզի նա լեռը բարձրանա, չնայած դրան նա բարձրացել է ու հենց հասել է Սուրբ Խաչատուրի գերեզմանին, գերեզմանը քարացել է, և այսօր շրջակա գյուղերի ուխտատեղին է։

Սրբավայր հասնելն արդեն նշանակում է, որ վերելքի հիմնական դժվարությունը գրեթե հաղթահարված է։ Այստեղից բացվող տեսարանը պարզապես գեղեցիկ չէ․ այն այնպիսի տեսարան է, որի համար արժե անցնել ամբողջ ճանապարհը։

IMG_1239

Ձեր առջև բացվում է Ջավախքը՝ իր լեռներով, դաշտերով ու անսահման տարածություններով։ Բարձրությունից հայրենի աշխարհը կարծես փոխում է իր չափերն ու գույները։

Բայց Աբուլը դեռ պահում է իր ամենագեղեցիկ անակնկալը։ Ամենագեղեցիկ տեսարանը՝ դեռ առջևում։

Սրբավայրի կողքով անցնելուց հետո ճանապարհը շարունակվում է եզրային, նեղ հատվածով։ Եվ հենց այստեղ մեր առջև բացվեցին Աբուլի մյուս գագաթները՝ երկու առանձին բարձունքներ, որոնց հասնելու համար այլևս մեծ ժամանակ կամ լրացուցիչ ֆիզիկական ուժ չէր պահանջվում։ Աբուլ բարձրանալն ամբողջական զգալու համար արժե հասնել նաև այդ գագաթներին:

IMG_1229

Այդ պահին արդեն ոչ թե պարզապես լեռ ես բարձրանում, այլ քայլում ես մի բարձունքից մյուսը՝ անընդհատ փոխվող տեսարանների միջով։ Ամեն նոր գագաթ կարծես նոր պատուհան է բացում դեպի Ջավախք։

IMG_1222

Աբուլ լեռան մեկ այլ առանձնահատկությունն էլ նրա անկանխատեսելի եղանակն է։

Մեր գագաթին գտնվելու ընթացքում եղանակը կտրուկ փոխվեց։ Արևային եղանակին հաջորդեց անձրև, և վերադարձի ճանապարհը մեզ ուղեկցեց տեղատարափ առաջացնող այն յուրահատուկ լեռնային մթնոլորտը, որը մի փոքր անհարմարություն ստեղծելով հանդերձ՝ մեր արկածն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձրեց։

Անձրևից հետո մեզ մեծ ուրախություն և մանկական ոգևորություն պատճառեց արևը։ Չորացած, արևից տաքացած քարերի վրա նստեցինք, հանգստացանք ու վայելեցինք մեր ճաշը։ Այդ պահին հոգնածությունն արդեն երկրորդ պլանում էր։ Մնում էր միայն ուրախությունը, ընկերների հետ անցկացրած օրը և այն զգացողությունը, որ միասին հաղթահարել ենք մեր առջև դրված նպատակը։

IMG_1208

Եվ այդպես՝ մի հսկայական փունջ նոր հիշողություններով ու տպավորություններով վերադարձանք քաղաք՝ նոր էներգիայով շարունակելու մեր առօրյան, աշխատանքն ու կյանքի սովորական ընթացքը։

IMG_1297

Եթե որոշել եք բարձրանալ բարձրագահ Աբուլ, մենք մեր փորձից և ճանապարհին կատարած դիտարկումներից հետո կարող ենք ապագա արշավականներին մի քանի կարևոր խորհուրդ տալ։

Անպայման ունեցեք՝

— հարմար և ամուր արշավային կոշիկներ, որոնք լավ են պահում ոտքը քարքարոտ ճանապարհին,
— երկրորդ զույգ կոշիկ, հատկապես եթե առաջինը ջրակայուն չէ,
— անձրևանոց,
— անձրևին համապատասխան լրացուցիչ հագուստ,
— և, իհարկե, բավարար ջուր ու անհրաժեշտ պարագաներ՝ լեռնային պայմաններին համապատասխան։

Սակայն մեր լավագույն խորհուրդը կլինի այն, որ եթե ձեր սրտում նույնպես կա Աբուլի գագաթը բարձրանալու երազանքը, մենք վստահաբար կարող ենք առաջարկել մեր ընկերակցությունն ու ուղեկցությունը՝ այդ երազանքը իրականություն դարձնելու ճանապարհին։ Երբ կողքիդ լավ մարդիկ են, դժվար ճանապարհը դառնում է պատմություն, իսկ հոգնածությունը՝ հաճելի հիշողություն։

Jnews-ը շարունակում է գնալ Ջավախքը բացահայտելու ճանապարհներով։

Մենք ուզում ենք ոչ միայն պատմել Ջավախքի մասին, այլև այն ցույց տալ՝ իր լեռներով, գյուղերով, բնությամբ, պատմությամբ, մարդկանցով ու այն վայրերով, որոնք դեռ սպասում են իրենց բացահայտողին։

Աբուլը մեզ համար հերթական ուղղությունը չէր։ Այն ճանապարհ էր դեպի Ջավախքի ամենաբարձր բարձունքներից մեկը, դեպի բնություն, դեպի ընկերություն և, ամենակարևորը՝ դեպի մի երազանք, որը շատերի սրտում վաղուց է ապրում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝