Ոստիկանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ Վրաստանի ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ երկրում կարգուկանոնն ու անվտանգությունը պահպանելու համար:
Գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական օրվա կապակցությամբ.
«Ոստիկաններ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ Վրաստանին հավատարիմ ծառայության համար։ Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ևս մեկ անգամ նշել Ոստիկանության օրը ձեզ հետ։ Շնորհակալություն այստեղ գտնվող յուրաքանչյուր ոստիկանին և մեր երկրի յուրաքանչյուր ոստիկանին՝ երկրում կարգուկանոնն ու անվտանգությունը պահպանելու համար։ Շնորհակալ եմ ձեր պարկեշտ, բարձր մասնագիտական և անձնուրաց աշխատանքի համար»:
Ներքին գործերի նախարարը նշել է, որ միջոցառմանը ներկա են ընդամենը մի քանի հարյուր ոստիկան, իսկ նրանց հազարավոր գործընկերներ շարունակում են պաշտպանել քաղաքացիներին։
«Մեր ողջ երկրի դարավոր պատմությունը պայքար է հանուն խաղաղության և անկախության։ Նորագույն պատմության մեջ մեր ոստիկանությունը միշտ եղել է այս պայքարի առաջնագծում։ Այսօր Վրաստանի ոստիկանությունն այստեղ ներկայացված է ընդամենը մի քանի հարյուր ոստիկանով, ձեր թիկունքում կանգնած են ձեր հազարավոր գործընկերները։ Նրանք պաշտպանում են մեր քաղաքացիներին, պայքարում հանցավորության դեմ, վերահսկում սահմանները, պայքարում են հրդեհների դեմ և հոգ են տանում երթեւեկության անվտանգության մասին»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին։