Այսօր՝ մայիսի 30-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ասմունքի փառատոն։

Ասմունքի մրցույթ-փառատոնն Ախալքալաքում արդեն երրորդ անգամ է կազմակերպվում։ Կորոնավարակի պատճառով այն երկու տարի չի անցկացվել։

poqrik diplomavorner

Այս տարի ասմունքի փառատոնն ավելի քան 30 մասնակից ուներ։

masnakicner

«Բոլոր մասնակիցները ստացան համապատասխան դիպլոմներ և մրցանակներ, քանզի իրենք արդեն անցել էին առաջին փուլը, որը տեղի էր ունեցել իրենց գյուղերում և սա արդեն երկրորդ՝ եզրափակիչ փուլն էր։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր մասնակիցներին, ժյուրիին և քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանին, որ ներկա գտնվեց փառատոնին։ Հույս ունեմ, որ մյուս տարի ավելի շատ մասնակիցներ կունենանք», – ասաց Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը։

Ասմունքի փառատոնի ժյուրիի անդամներն էին՝ Ջուլիա Շիրինյանը, Լամառա Քսպոյանը, Հայկազուն Կարագուլյանը, Լուսինե Չոբանյանը և քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը։

jyuri

Այսպիսով, առաջին հորիզոնականը գրավեց Ալբինա Շիրինյանը՝ Բավրա գյուղից, երկրորդ հորիզոնականը՝ Համբարձում Սահարյանը՝ Խանդո գյուղից, երրորդ հորիզոնականը՝ Ալյոնա Ծառուկյանը՝ Կորխից։ Գրան պրիի արժանացավ Նարե Ավետիսյանը՝ Մերենիա գյուղից։

haghtoghner

Ասմունքի փառատոնին հանդես եկան նաև մշակույթի տան նախկին սաները: Խանդո գյուղից Մամիկոն Սպերցյանը, ով ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, ելույթ ունեցավ և երգեց աշուղ Ալիք Ջավախքի երգերից։

Հարկ է նշել, որ Ախալքալաքի մշակույթի տան Տուրցխ, Բեժանո և Կարտիկամ գյուղերի պարային համույթները մայիսի 21-ին մասնակցել են Թբիլիսիի պարարվեստի միության կողմից անցկացված «Գարնան ռիթմեր» փառատոնին, որտեղ արժանացել են լաուրեատի կոչման։