Վրաց-թուրքական սահմանին «Վալե» մաքսակետի գործունեությունը կդադարեցվի մինչև հուլիս։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայությունը։
«Վալե»-ն փակ է ապրիլի 25-ից։ Սահմանափակումների պատճառը «Türkgezü» անցակետում թուրքական կողմից վերանորոգումն է։ Ի սկզբանե սպասվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի վերջ, սակայն ժամկետները հետաձգվեցին։
«Թուրքական կողմի խնդրանքով վերանորոգման աշխատանքների ժամանակացույցը հուլիսը ներառյալ տեղափոխելու պատճառով Վրաստանի մաքսային սահմաններով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև Վալեի մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգեր չեն իրականացվի»,- ասվում է հայտարարության մեջ։
Որպես այլընտրանք «Վալե»-ին՝ գերատեսչությունը խորհուրդ է տալիս օգտագործել «Կարծախ» անցակետը, որը ներկայումս գործում է «ամբողջական ծանրաբեռնվածությամբ հատուկ ռեժիմով՝ կապված միջազգային բեռնաշրջանառության ավելացման հետ»։ Հենց «Կարծախ» է ժամանակավորապես տեղափոխվել «Վալե» անցակետի ողջ աշխատակազմը։
«Վրաստանի և Թուրքիայի մաքսային վարչությունների միջև սերտ շփում է հաստատված, որպեսզի նշված մաքսակետով բեռների ավելացված քանակի անցումն անխոչընդոտ լինի»,- նշել են ծառայությունից։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ անցած մեկ ամսվա ընթացքում միայն «Կարծախ» մաքսակետով Վրաստանի տարածք է մտել ավելի քան 5 հազար բեռնատար, 9,2 հազարը լքել է երկիրը։ Սա զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները՝ համապատասխանաբար 233%-ով և 513%-ով։
«Վալե» մաքսային անցակետը գտնվում է Սամցխե-Ջավախքում, Ախալցիխեի մունիցիպալիտետի Վալե քաղաքից ոչ շատ հեռու։ Վրաստանի և Թուրքիայի միջև կան նաև «Սարփի» (Աջարիայի շրջան) և «Կարծախի» (Սամցխե-Ջավախքի շրջան) անցակետերը։
Թուրքիայի անցակետում վերանորոգման աշխատանքների ավարտից անմիջապես հետո «Վալե»-ն կշարունակի աշխատել սովորական ռեժիմով, վստահեցնում են Եկամուտների ծառայությունից։