Վիճաբանությունը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի մոտ, որտեղ հինգշաբթի օրը 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն կոմայի մեջ էր ընկել COVID-19-ի դեմ պատվաստումից հետո: Այս մասին հայտնում է «Պիրվելի» հեռուստաալիքը:
Բախումը տեղի է ունեցել Բաքրաձեի հարազատների եւ հիվանդանոցի աշխատակիցների միջեւ: Բուժքրոջ ամուսինը հարվածել է կլինիկայի աշխատակիցներից մեկին՝ «դու ես սպանել իմ կնոջը»:
Վիճաբանությունը հաջողվել է դադարեցնել միայն ոստիկանների միջամտությունից հետո, որոնք Բաքրաձեի ամուսնուն հեռացրել են տարածքից:
Մեգի Բաքրաձեի հարազատները կասկածում են, որ Ախալցիխեի կլինիկայի բժիշկները շփոթվել են, երբ երիտասարդ կինը պատվաստումից հետո վատացել է, եւ չեն կարողացել ճիշտ եւ ժամանակին օգնություն ցուցաբերել: «Իմեդի»-ում այդ մեղադրանքները հերքում են՝ նշելով, որ նրանք անցկացրել են ադրենալինի անհապաղ կիրառում, իսկ հետո ինտուբավորել են հիվանդին:
Ավելին, այսօր Բաքրաձեի հայրը հայտարարել է, որ Ախալցիխեում COVID-19-ի դեմ պատվաստումն ամենևին էլ կամավոր չէր և պատվաստումից հրաժարվելու դեպքում բուժաշխատողներին սպառնում էին ազատել աշխատանքից:
Բաքրաձեն կոմայի մեջ է հայտնվել AstraZeneca պատվաստումից մոտ կես ժամ անց: Քանի որ տեղում ցուցաբերված բուժօգնությունն արդյունք չի տվել, որոշում է կայացվել տեղափոխել Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա: Հիվանդի վիճակը մնում էր կրիտիկական և նրան փրկել չհաջողվեց:
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածով: Ընտանիքը չի վստահում քննությանը եւ ծրագրում է այլընտրանքային փորձաքննություն անցկացնել: