Այսօր տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի 78-ամյա բնակչուհու հուղարկավորությունը, ով սպանվել էր իր սեփական տանը:
Խանդո գյուղում օգոստոսի 28-ին սպանվել է գյուղի բնակչուհի՝ Սեդա Սպերցյանը: Կինը արդեն երկար տարիներ ապրում էր միայնակ: Իր միակ որդին ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում: Ինքը՝ Սեդա Սպերցյանը ժամանակ առ ժամանակ մեկնում էր ապրելու որդու մոտ, բայց հիմնականում ապրում էր Խանդոյում:
Նրա դիակը հայտնաբերվել է սպանության երկրորդ օրը: Առավոտյան իր քրոջ որդին փնտրում է մորաքրոջը, արդյունքում գտնում նրա մարմինը պառկած հատակին:
Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ կնոջը սպանել են: Զանգահարել են որդուն ասել, որ մայրը մահացել է, և սգացել են կնոջ մահը: Բայց հանգուցյալի որդին նկատել է մոր մարմնի վրա սուր գործիքների հետքեր և դիմել ոստիկանություն: Գյուղում բոլորը համոզված են, որ Սեդա Սպերցյանը սպանվել է: Վրաստանի ՆԳՆ-ն հարուցել է գործ և տանում է հետաքննություն: Սակայն, որ հոդվածի հիման վրա է հարուցվել քրեական գործ, և թե ինչպես է սպանվել հանգուցյալը, ՆԳՆ-ում չասացին, ասելով, որ կպարզեն և կհաղորդեն, բայց հետո ամբողջ օրվա ընթացքում մենք չկարողացանք կապնվել մամլո քարտուղարի հետ:
Ըստ գյուղացիների, դժվար է ասել, սպանության հնարավոր պատճառները, կինը միայնակ էր ապրում, և չուներ որևէ առանձնահատուկ հարստություն: Սպանվածի մարմնից չէր հանված նրա զարդերը ինչը ասում է այն մասին,որ նրան կողոպուտի նպատակով չեն սպանել:
Եվ թշնամիներ, ըստ գյուղացիների, նա չի ունեցել: Նա եղել է մարդամոտ և ոչ կոնֆլիկտային անձնավորություն: