Վրաստանի կառավարությունը Le Figaro ֆրանսիական հրատարակությունում Վրաստանին նվիրված հոդվածն անվանել է «կեղտոտ հակապետական սադրանք»։

«Le Figaro»-ն հոդված է հրապարակել «Վրաստանը հեռանում է ԵՄ-ից՝ Մոսկվայի ուղեծիր վերադառնալու նպատակով» վերնագրով։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Պուտինի նախկին համար առաջին թշնամին»՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «դանդաղ մահանում է բանտում 54 տարեկանում»։

Հոդվածը գրվել է Սաակաշվիլիի նախկին խորհրդական Ռաֆայել Գլյուքսմանի պատվերով, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մեր ընդդիմությունը հպարտորեն կրկնում և մեջբերում է այս հոդվածը և այն անվանում է աղետ։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին և մեր հարգարժան պատգամավորներին ասել, որ իրականում սա հերթական կեղտոտ հակապետական հոդվածն է»,- ասել է Ղարիբաշվիլին։

«Ո՞վ է պատվիրել այս հոդվածը: Սա պատվիրվել է պարոն Գլյուքսմանի կողմից։ Դուք հիանալի գիտեք, թե ով է Ռաֆայել Գլյուքսմանը. նա Սաակաշվիլիի խորհրդականն էր, ով սպանում էր, բռնանում և խոշտանգում մարդկանց… Այս մարդը այժմ Եվրախորհրդարանի անդամ է: Իսկ հոդվածի հեղինակը Իզաբել Լազերն է՝ Գլյուքսմանի ընկերուհին… Ահա հենց սա էլ ձեր հերթական բացահայտումն է, պարոնայք ընդդիմադիրներ, նաև ձեր հակապետական գործողությունների հերթական բացահայտումը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Աղբյուրը՝ NewsGeorgia