Վրաստանի կառավարությունը հաստատել է կոմերցիոն ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման ծրագիրը:
Հունվարի 1-ից բիզնեսի համար էլեկտրաէներգիայի սակագինը մեկ կիլովատի դիմաց բարձրացել է միջինը 11 – 12 թեթրիով: Այդ իսկ պատճառով փորձագետները կանխատեսում էին տեղական արտադրության որոշակի ապրանքների գնաճ:
Matsne.gov.ge կայքում հրապարակված կառավարության որոշման համաձայն, պետությունը կմարի 20 ձեռնարկատիրական ուղղությունների 2020 և 2021 թվականների սակագների տարբերության կեսը:
Սուբսիդավորման ենթակա ձեռնարկատիրական ուղղություններից են՝ հացաբուլկեղենը, մսեղենի, բանջարեղենի, ձկնեղենի վերամշակումը, բուսայուղի, ինչպես նաև կաթնամթերքի, օսլայի, մակարոնեղենի, չորահացի և թխվածքաբլիթների արտադրությունը:
Շաքար, համեմունքներ, դիետիկ արտադրանք և կենդանական կեր արտադրող ձեռնարկությունները նույնպես կարող են սուբսիդավորում ակնկալել:
Սուբսիդավորում ստանալու համար ընկերությունները պետք է մինչև հունվարի 27-ը www.registration.gov.ge կայքում հայտ լրացնեն:
Բիզնեսից բացի, պետությունը նաև ֆինանսավորում է շարքային քաղաքացիների սակագների տարբերությունը: Այս պարագայում սուբսիդավորման ծրագրի մեջ կընդգրկվեն նրանք, ովքեր ամսական սպառում են 300 կիլովատից պակաս էլեկտրաէներգիա: