Բաթումիում անցկացվող Batumi MusicFest միջազգային երաժշտական 5-րդ փառատոնին Անահիտ Շտելմաշովն արժանացել է «Գրանդ Պրի» մրցանակի:
Ախալքալաքից 11-ամյա դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովը Բաթումիում մասնակցելով Batumi MusicFest դասական երաժշտության փառատոնին արժանացել է 2-րդ կատեգորիայի 1-ին կարգի մրցանակի՝ նվագելով Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը:
Այս փառատոնին նա երկար է պատրաստվել: Ի տարբերություն իր հասակակիցների նա ամռանը հանգստանալու փոխարեն անընդհատ պարապել է:
«Շատ ուրախացա, երբ հայտարարեցին, որ գրնատ պրին ինձ են տալիս: Մտածեցի, որ ճիշտ է, շատ եմ տանջվել ու ամբողջ ամառ պարապել եմ, երբ ընկերներս խաղում էին, հանգստանում, ես օրական 7-8 ժամ պարապում էի, բայց երբ իմացա մրցանակի մասին ամեն ինչ մոռացա»,- նշեց փոքրիկ դաշնակահարուհին:
Հաղորդավարը Անահիտ Ստելմաշովի անունը հայտարարելիս ասել է՝ «The Oskar goes to… … … Ana …hit Stelmashova!!!»:
Վաղը՝ սեպտեմբերի 8-ին կկայանա Batumi MusicFest դասական երաժշտության 5-րդ փառատոնի գալահամերգը, որտեղ կրկին ելույթ կունենա Անահիտ Ստելմաշովը:
Սեպտեմբերի 2-8-ը Բաթումիում անցկացվում է դասական երաժշտության փառատոն, որն իր շուրջ է հավաքել բազմաթիվ մասնակիցների 6 տարբեր երկրներից՝ Վրաստան, Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա, Վենգրիա և Իտալիա: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Բաթումի պետական երաժշտական կենտրոնում: Փառատոնն անցկացվում է Յունեսկոյի բարձր հովանու ներքո:
Աղունիկ Այվազյան