Ախալքալաքում այսօր առավոտից նշում են Վրաստանի անկախության օրը։ Երաժշտություն, փուչիկներ, տոնավաճառ, անակնկալ ելույթներ և դրոշներ…
Մինչ միջոցառման հիմնական մասի՝ համերգի մեկնարկը, ախալքալաքցիներն արդեն սկսել էին հավաքվել հրապարակում, որտեղ տաղավարներ կային լուսանկարվելու համար՝ երեխաների ձեռքերին ու այտերին նկարում էին տարբեր պատկերներ, այդ թվում՝ Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի դրոշները, ծաղիկներ և այլն։ Երեխաները գունազարդում էին նաև աշխարհի, Եվրոպայի քարտեզը և այլ նկարներ: Անիմատորները նույնպես նկարվում էին նրանց հետ։ Միջոցառումն ուղեկցվում է Վրաստանի պատմության հայտնի կանանց 50 լուսանկարների ցուցահանդեսով։
Տոնական համերգն սկսվեց տպավորիչ՝ «Փերֆորմանս Նեզերլենդ» թմբուկային շոուով։ Դրանից հետո սկսեցին ելույթ ունենալ տարբեր տեղի և ճանաչված խմբերն ու տեղական համույթները։
Շնորհավորական խոսքով հանդես եկան Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Շոթա Ռեխվիաշվիլին և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Ժամը 17:10-ին, ինչպես ողջ Վրաստանում, Ախալքալաքում ևս հնչեցին Եվրամիության և Վրաստանի օրհներգերը, ներկայացվեց փերֆորմանս ԵՄ-ի և Վրաստանի դրոշներով, իսկ Վրաստանի դրոշը պատկերող հելիումե փուչիկները դեպի երկինք բաց թողեցին:
Միջոցառումներն Ախալքալաքում անցկացվում են Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ և դրանք կազմակերպում է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակը։