Վրաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերի մեծ մասում ձայների հաշվարկի գործընթացն առաջին անգամ տեսանկարահանող սարքերի միջոցով կտեսագրվի: Այս մասին այսօր հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին:

Տեսանկարահանումները տեղի կունենան 3200 ընտրատեղամասերում: Սա նշանակում է, որ ընտրատեղամասային հանձնաժողովների մեծամասնությունը հագեցած կլինի տեսասարքերով, նշել է Կալանդարիշվիլին:

«Բացի այն, որ ամբողջ գործընթացը կտեսագրվի, որի շնորհիվ բազմաթիվ հարցեր կանհետանան, թափանցիկություն ապահովելու համար քվեարկության հաջորդ օրը բոլոր այս տեսագրությունները կհրապարակվեն», – ասել է Կալանդարիշվիլին:

Վերջինիս խոսքով, 3200 ընտրատեղամասերի տեսագրությունների հրապարակման հարցերի շուրջ միջազգային «հուսալի և անվտանգ հարթակներից» մեկի հետ բանակցությունները գրեթե ավարտվել են:

«Ընտրական համակարգի բարեփոխումը հանգեցրեց նաև փոփոխության, ըստ որի՝ քվեարկության օրվանից վեց օրվա ընթացքում պատահական ընտրված հինգ ընտրատեղամասերը պետք է վերահաշվարկվեն բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչը ևս մեկ անգամ ապահովագրում է այս գործընթացը: Այս հինգ ընտրատեղամասերում վերահաշվարկի ժամանակ տեսանկարահանումը նույնպես ապահովված կլինի», – նշել է Կալանդարիշվիլին:

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: