ՀՀ Շիրակի մարզի Տեղական զարգացման խումբը երկօրյա այցով գտնվում է Ախալքալաքում՝ տեղի LAG-ի հետ փորձի փոխանակման նպատակով։ Նրանք ծանոթանում են Ախալքալաքի Տեղական զարգացման խմբի կողմից ֆինանսավորվող ծրագրերին, ինչպես նաև այս խմբի գործելակերպի սկզբունքին։
Շիրակի LAG-ի 11 ներկայացուցիչ երեկ՝ մայիսի 17-ին, ժամանել են Ախալքալաք, նրաք արդեն հասցրել են հանդիպել Ախալքալաքի Տեղական խմբի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեսնել, թե ինչ նախագծեր են ֆինանսավորվել այստեղ։
«Մեր Խումբը Շիրակի մարզում ձևավորված երեքից մեկն է: Մենք 25 հոգի ենք, որի մեջ մտնում են 18 գյուղի ներկայացուցիչներ: Հիմա մենք գտնվում ենք մեր մարզի ռազմավարության և առաջնահերթությունների ստեղծման փուլում: Շատ հետաքրքիր էր ծանոթանալ այն ճանապարհին, որը դուք անցել եք, գործունեությանը, կառուցվածքին և գործառույթներին: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես եք շարունակել ձեր գործունեությունը ծրագրի ավարտից հետո: Նայելով ձեր և Բորժոմիի նախագծերին, համոզվեցինք, որ մենք ևս ճիշտ ուղու վրա ենք: Հայաստանն ու Վրաստանը շատ նման են համատեքստով: Ինձ դուր եկավ, որ որոշ նախագծեր նորարարություն էին այս մարզի համար»,- ասաց Շիրակի Տեղական զարգացման խմբի պատասխանատու Անի Մաղաքյանը։
Շիրակի մարզի LAG-ը կազմավորվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ և ֆինանսավորմամբ՝ LEAD4Shirak (Local Empowerment of Actors for Development) ծրագրի շրջանակներում և ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։
Մինչ Ախալքալաք գալը Շիրակի LAG -ն այցելել էր Բորժոմի և ծանոթացել Բորժոմիի LAG -ի աշխատանքին։