Վրաստանը սպասում է ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի եզրակացությանը։ Նույնիսկ դրական եզրակացության և թեկնածուի կարգավիճակ ստանալու դեպքում սա կնշանակի ԵՄ անդամակցության գործընթացի սկիզբ, որը կարող է շարունակվել դեռ երկար տարիներ։

Ընթացիկ տարվա մայիսին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում Եվրահանձնաժողովի դեսպան Կարլ Հարցելին է փոխանցել ԵՄ անդամակցության լրացված հարցաթերթիկի երկրորդ մասը։ Հարցաթերթիկները, որոնք պարունակում են շուրջ 2400 հարց, պարտադիր մաս են ոչ թե Եվրամիությանն անդամակցելու, այլ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Վրաստանի համար հաջորդ քայլը կլինի Վրաստանի հայտադիմումի առթիվ Եվրահանձնաժողովի եզրակացությունը։

«Հույսը, որ Վրաստանը կստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ: Այո, դա իրատեսական է, բայց թե որքան ժամանակ կպահանջվի Եվրամիության անդամ դառնալու համար, սա արդեն առանձին քննարկման հարց է: Կարծում եմ, որ մոտ ապագայում Եվրամիությունը դրական որոշում կկայացնի, և Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը անպայման կստանան Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ»,- վստահ է «Ռոնդելի» հիմնադրամի փորձագետ Վլադիմիր Պապավան։

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան Արևելյան գործընկերության ծրագրի անդամներ են, որոնք հավակնում են դառնալ Եվրամիության լիիրավ անդամ։ Հետխորհրդային երեք երկրներն էլ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր են ստորագրել, օգտվում են ազատ առևտրի գոտիներից և առանց վիզայի ռեժիմից։ 2021 թվականի մայիսին հայտարարվեց «Ասոցացված եռյակի» ձևաչափի ստեղծման մասին, որը ենթադրում է Թբիլիսիի, Կիևի և Քիշնևի ավելի սերտ համակարգում՝ ուղղված ԵՄ-ի հետ ընդլայնված համագործակցությանը։

Առաջին հարցաշարը, որն առաջարկվել է դիմորդ երկրներին, բաղկացած է քաղաքական և տնտեսական մասերից՝ շեշտը դնելով դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների հարգման վրա։ Երկրորդ մասը հատկացված է ԵՄ իրավունքին, որը կոչվում է acquis, և, որի նպատակն է պարզել, թե ինչ իրավական նորմեր ու կանոններ են գործում տվյալ երկրում, եւ որքանով է եվրոպական օրենսդրությունը այնտեղ ներդրված։ Սրանք այն գլուխներն են, որոնց շուրջ պետք է հետագայում վարվեն ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչպիսիք են ապրանքների ազատ տեղաշարժը, հարկային համակարգը կամ շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը:

Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով, նույնիսկ Ուկրաինան հնարավորություն չունի անմիջապես Եվրամիություն մուտք գործելու։ Վերջինիս կարծիքով՝ խնդիրը Եվրամիության մեջ չէ, խնդիրը Վրաստանի մեջ է։

«Եվրամիության կազմում լինելու համար պետք է ունենալ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Հարկավոր է համապատասխանել մի շարք չափանիշների: Անհրաժեշտ է ունենալ կոռուպցիային հակազդող կառույցներ և այլն: Պարզ է, որ պետք է լինել ժամանակակից քաղաքակիրթ երկիր: Մենք դեռևս որպես այդպիսին չենք համարվում ու երբեք չենք եղել: Հիշեցնեմ, որ Թուրքիան արդեն 20 տարի է՝ ԵՄ անդամակցության թեկնածու է»,- ասում է նա։

Փորձագետներն ակնկալում են, որ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ԵՄ-ն չի հետաձգի հարցաթերթիկների վերաբերյալ եզրակացության պատրաստումը։

«Վրաստանն ու Մոլդովան, կոպիտ ասած, ասացին. «Այո, մենք վախենում ենք Ռուսաստանից»: Եվ, իհարկե, հենց դրա համար էլ մենք՝ Վրաստանը, ունենք նման երկիմաստ դիրքորոշում, բայց մենք դեռ ձգտում ենք դեպի Եվրոպա: Սկզբունքորեն մեր կուրսը դեպի ԵՄ մեզ տալիս է այն, որ գոնե Եվրոպան մեզ ասում է, թե ինչ պետք է անենք, որպեսզի դառնանք նորմալ երկիր: Իրականում մենք շատ բան չգիտենք, քանի որ կա օրենսդրական դաշտ, կան բազմաթիվ նրբություններ, որոնք պարզապես չեն կարող լուծվել առանց ԵՄ-ի համակարգման: Իհարկե, մենք կարող ենք անդամակցել Եվրամիությանը, բայց ես կցանկանայի, որ դա ավելի շուտ լիներ, և ես կցանկանայի ապրել մինչ այդ պահը»,- ասում է Գելա Վասաձեն։

ԵՄ-ն իր եզրակացությունը կհրապարակի եվրահանձնակատարների կողմից այն հաստատվելուց հետո։ Հավանական է երկու տարբերակ՝ առաջարկել թեկնածուի կարգավիճակ ընձեռել, կամ մի շարք առաջարկություններ անել հավակնորդ երկրին, եթե Բրյուսելը որոշի, որ երկիրը պատրաստ չէ: Եվրահանձնաժողովը չունի հստակ ժամկետներ, որոնց ընթացքում պարտավոր է պատրաստել եզրակացությունը։

Սակայն Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը դեռ չի նշանակում անդամակցության թեկնածուի կարգավիճակի ընձեռում, դրանից հետո հարցը ներկայացվում է ԵՄ անդամ երկրների քննարկման, որոնք էլ վերջնական որոշումն են կայացնում։ Սա պահանջում է նրանց կոնսենսուսը բոլոր փուլերում:

«Ամենայն հավանականությամբ, մեզ կասեն, թե ինչ պետք է շտկենք, նույնիսկ թեկնածու դառնալու համար: Մեզ կտրվեն առաջարկություններ՝ դատական իշխանության անկախությունից ընդհուպ մինչև տեղական ինքնակառավարման մակարդակը, էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, և առհասարակ, փոքրամասնությունների իրավունքները և այլն: Մենք «պոստսովոկ» (խմբ. հետխորհրդային) ենք, դա վիրավորական բառ է, բայց ես այն միշտ կօգտագործեմ: Բալթյան երկրները պոստսովոկ երկրներ չեն: Ուկրաինան պատերազմից հետո հնարավորություն ունի պոստսովոկ չլինելու: Բոլոր երկրները համաձայն չեն, որ Վրաստանը լինի Եվրամիության կազմում, քանի որ Վրաստանը չունի համապատասխան չափորոշիչներ: Ով դեմ կլինի, որ Վրաստանը լինի թեկնածու, այստեղ շատ տարբերակներ կան: Այստեղ ոչ միայն երկրներն են որոշում, այլ Շառլ Միշելը»,- ասում է «GSAC»-ի փորձագետը։

Եվ նա շտապում է հավելել, որ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ԵՄ-ին անդամակցելու հիմնական աշխատանքը դեռ նոր է սկսվում, և նույնիսկ շատ արագ տեմպերի դեպքում դա երկար տարիներ կպահանջի…

Քրիստինե Մարաբյան