Վրաստանի Եկամուտների ծառայությունը որոշում է կայացրել ընդլայնել 300 լարիի չափով միանվագ փոխհատուցում ստացողների շրջանակը, այժմ նրանք, ովքեր աշխատավարձ են ստացել սահմանափակումների ներդրումից հետո առաջին շաբաթվա ընթացքում, նույնպես կարող են պահանջել նպաստը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Միանվագ փոխհատուցումը կարող են ստանալ ավելի շատ մարդիկ, քան նախապես ծրագրված էր։
Նոյեմբերի 28-ից Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել որոշ ոլորտների և մեծ քաղաքների խանութների ու շուկաների աշխատանքի վրա, ինչպես նաև հայտարարել է փոխհատուցում վճարել նրանց, ովքեր այս ժամանակահատվածում մնացել են առանց աշխատավարձի:
Ըստ Եկամուտների ծառայության հայտարարության՝ այժմ այն անձինք, ովքեր նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 5-ը աշխատավարձ են ստացել, ապա նաև սահմանափակումների պատճառով մնացել են առանց եկամտի, կկարողանան դիմել միանվագ փոխհատուցում ստանալու համար: Նախկինում եկամուտ ստանալու նախապայման էր հանդիսանում սահմանափակումների ներդրման իսկ օրվանից աշխատավարձի բացակայությունը:
Այս պահին օգնությունը ստանալու համար դիմել է 73 հազար մարդ: Դիմում ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է: Ենթադրաբար, փոխհատուցման տրամադրումը կավարտվի մինչև նոր տարի: