Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը տեղեկություն էր տարածել, որ մայիսի 16-ից վերացնում են Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը երկիր, ինչպես նաև իրենց քաղաքացիների այդ հանրապետություններից ելքի սահմանափակումները։ Սակայն ՀՀ քաղաքացիները երեկ չեն կարողացել առանց հիմքի, այսինքն՝ առանց փաստաթուղթ ներկայացնելու, որ գնում են իրենց ընտանիքի անդամի մոտ, որը ՌԴ քաղաքացի է, Ռուսաստանի սահմանը հատել։ Թե ե|րբ այդ կանոնը ուժի մեջ կմտնի, Ռուսաստանի ցամաքային սահմանային անցակետում տեղյակ չեն։
Ախալքալաքի շրջանից շատ ՀՀ քաղաքացիներ են Ռուսաստան գնում Լարսով: Երեկ սահմանը հատելու չեն թողել այն քաղաքացիներին, ովքեր երկիր մուտք գործելու հիմքեր չեն ներկայացրել։
Անցակետի աշխատակիցներից մեկը Ախալքալաքից դեպի Մոսկվա երթևեկող վարորդներից մեկին ասել է, որ այդ որոշումը ուժի մեջ կմտնի ամսի 21-ից:
Իսկ մեկ այլ վարորդի էլ ասել են. «Դեռ ոչ ոք չգիտի, երբ կլինի այդպես, ինչ կլինի, մեզ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել: Երեկ մարդիկ եկել էին և ուզում էին առանց հիմքի Ռուսաստան գնալ, բայց հետ դարձրին»:
Ըստ Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի տարածած տեղեկության, եթե նախկինում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է հիմքեր ներկայացնեին Վերին Լարսի սահմանով ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան մեկնելու համար, ապա այժմ նրանք կարող են առանց սահմանափակումների Ռուսաստանից Հայաստան մեկնել, սակայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է հաստատեն, որ իրենք մեկնում են Հայաստան։ Ինչպես նաև, Հայաստանի քաղաքացիները կկարողանան Վերին Լարսով մուտք գործել Ռուսաստան՝ առանց հիմքեր ներկայացնելու։ Մինչ այս ՀՀ քաղաքացիները, ցամաքային ճանապարհով ՌԴ մուտք գործելու համար, փաստաթուղթ էին ներկայացնում այն մասին, որ գնում են իրենց հարազատների մոտ (ընտանիքի անդամի, որը ՌԴ քաղաքացի է), կամ մեկ այլ՝ հիմնավորված պատճառով։