Ռուսական «Inter RAO» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «RAO Nordic Oy»-ը, շաբաթ օրը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա: Այս մասին հայտնել է ֆիննական «Fingrid» էլեկտրացանցերի ընկերության օպերացիոն մենեջեր Տիմո Կաուկոնեն, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France Presse-ին։

Ավելի վաղ «RAO Nordic Oy»-ի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ մատակարարումների դադարեցումը պայմանավորված է մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու պատճառով։

Ըստ Կաուկոնենի, Ռուսաստանից Ֆինլանդիա էլեկտրաէներգիայի մատակարարումները «ներկայումս զրոյական են», և դա նկատվում է կեսգիշերից (Գրինվիչի ժամանակով 21:00-ին), ինչպես և հայտարարվել էր։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ֆիննական ընկերությունը վստահություն է հայտնել, որ «լուրջ խնդիրներ չեն առաջանա»։ Նշվում է, որ ՌԴ-ից մատակարարումները 10 տոկոսով բավարարել են հյուսիսեվրոպական երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը, պակասուրդն, ըստ աղբյուրի, կփոխհատուցվի Շվեդիայից մատակարարումների և ներքին արտադրության աճի հաշվին։

Նշվում է նաև, որ ակնկալվում է՝ Ֆինլանդիան էլեկտրաէներգիայի ինքնաբավության կհասնի 2023 թվականին։