Ժողովրդավարության ինդեքսը, որը հաշվարկել է Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, Վրաստանում վերջին մեկ տարվա ընթացքում 3,25-ից իջել է 3,18-ի։ Դրա հետ մեկտեղ երկիրը, ինչպես 2020 թվականին, շարունակում է մնալ «անցումային կառավարություններ/հիբրիդային ռեժիմներ» ունեցող պետությունների կատեգորիայում։ Այս մասին ասվում է «Nations in Transit 2021» («Անցումային շրջանի երկրներ 2021») վերլուծական զեկույցում, որտեղ չափվում են Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա նախկին կոմունիստական երկրների 29 պետությունների ժողովրդավարացման հաջողություններն ու ձախողումները։
«Վրաստանում ժողովրդավարության ցուցանիշն այժմ մոտ է այն ցուցանիշին, ինչը կար տասը տարի առաջ՝ մինչ ներկայիս իշխող կուսակցության իշխանության գալը՝ հանրային դժգոհության ալիքի ներքո ավելի ու ավելի ավտորիտար կառավարմամբ», – ընդգծվում է զեկույցում:
Ժողովրդավարության ինդեքսը յուրաքանչյուր պետության համար հաշվարկվում է ըստ յոթ չափանիշների՝ ժողովրդավարական կառավարումը դաշնային մակարդակում, ընտրական գործընթաց, քաղաքացիական հասարակություն, անկախ լրատվամիջոցներ, ժողովրդավարական կառավարումը տեղական մակարդակում, դատական իշխանության անկախություն, կոռուպցիա: Բոլոր կատեգորիաների համար թվային վարկանիշային սանդղակը սահմանված է 1-ից 7-ը, որտեղ 1-ը ցույց է տալիս ժողովրդավարական առաջընթացի ամենաբարձր մակարդակը, իսկ 7-ը՝ ամենացածրը:
Վրաստանի դիրքերի վատթարացման վրա ամենաուժեղ ազդեցությունն է ունեցել ընտրական գործընթացի վարկանիշի նվազումը՝ 3,25-ից 3,00-ն։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, «չնայած որոշ փոխզիջումներին և ընտրական օրենսգրքում դրական փոփոխություններին, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին ընտրակաշառքի դեպքերով և ընդդիմության կողմից երկրորդ փուլի բոյկոտով, ինչը հանգեցրեց քաղաքական փակուղու»:
Վրաստանի վարկանիշն «անկախ ԶԼՄ-ներ» կատեգորիայում նույնպես նվազել է 0,25 կետով՝ 3,75-ից հասնելով 3,50-ի։ Դրա պատճառ է դարձել Աջարիայի հեռուստատեսության տնօրինության փոփոխության հետ կապված սկանդալը, ինչպես նաև նոր օրենքը, որը թույլ է տալիս Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովին «միջամտել հեռարձակող ընկերությունների գործունեությանը»։
«Դատական իշխանության անկախություն» և «Դաշնային մակարդակով ժողովրդավարական կառավարում» կատեգորիաներում Վրաստանն ունի ամենացածր միավորները՝ 2,50-ական՝ 7,00 հնարավորից։
«Շարունակելով նախորդ տարիների տենդենցը՝ 2020 թվականին Վրաստանի արդարադատության համակարգում ճգնաժամն էլ ավելի է սրվել։ Գերագույն դատարանի դատավորների ընտրության ընթացակարգերի թափանցիկության բացակայությունը, ինչպես նաև ընդհանուր դատարանների մասին օրենքում առկա թերությունները մնում են ծայրահեղ խնդրահարույց, թեև իշխանությունները լայնածավալ քննադատություններին արձագանքել են որոշ բարեփոխումներով: Դիտորդները տարվա ընթացքում մի քանի աղմկահարույց դատավարությունները վերագրել են քաղաքական մոտիվներին»,- ասվում է զեկույցում:
«Freedom House»-ի վերլուծաբանները «Քաղաքացիական հասարակություն» խմբում ամենաբարձր միավորները տվել են Վրաստանին՝ 4,25 միավոր: