ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ստորագրել է «Լենդ-լիզի մասին» օրենքը, որը միտված է հեշտացնելու Ուկրաինա սպառազինության մատակարարման գործընթացը։ BBC-ի փոխանցմամբ՝ «2022 թվականին Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանության լենդ-լիզի մասին օրենք» անունը կրող փաստաթուղթը Կոնգրես էր մտցվել դեռ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ՝ այս տարվա հունվարին։

Մայիսի 3-ին օրենսդրական նախագիծը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հավանությունն է ստացել (417 կողմ և 10 դեմ), իսկ մինչ այդ այն հաստատել էր Սենատը։ Ինչպես նշվում էր օրենսդրական նախագծում, ԱՄՆ նախագահը «կարող է լիազորել կառավարությանը Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի մյուս երկրներին վարկով կամ վարձակալությամբ տրամադրել պաշտպանության միջոցներ, որոնք տուժել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից, որպեսզի օգնի ամրապնդել այդ երկրների պաշտպանունակությունը և պաշտպանի քաղաքացիական բնակչությանը պոտենցիալ հարձակումից կամ Ռուսաստանի կողմից շարունակական ագրեսիայից»։

Այս օրենսդրական նախագիծը կգործի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Լենդ-լիզի մասին» օրենքի նման, երբ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին մատակարարում էր սպառազինություն, ռազմական տեխնիկա և պարեն, առանց կանխավճարի և երկարաժամկետ վճարման պայմանով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ օգնության գլխավոր հասցեատերերից մեկը Խորհրդային Միությունն էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և նախագահ Բայդենին օգնության ծրագրի վերականգնման համար։ «Շնորհակալություն @POTUS-ին և ամերիկյան ժողովրդին մեր ազատության և ապագայի համար պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Այսօր Լենդ-լիզի օրենքի ստորագրումը պատմական քայլ է։ Ես համոզված եմ, որ մենք կրկին միասին կհաղթենք։ Եվ մենք կպաշտպանենք Ուկրաինայում և Եվրոպայում ժողովրդավարությունը։ Ինչպես 77 տարի առաջ»,- նշվում է Ուկրաինայի նախագահի թվիթերյան գրառման մեջ։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ջո Բայդենը Կիևին հատկացրել է ռազմական օգնության երեք փաթեթ՝ յուրաքանչյուրը շուրջ 800 միլիոն դոլար արժողությամբ։ Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսին խնդրել էր հատկացնել լրացուցիչ 33 միլիարդ դոլար՝ Ուկրաինային օգնության համար։

Փորձագետների խոսքով՝ այս օրենսդրական նախագիծը, որն արդեն գործող օրենք է, հնարավորություն կտա էականորեն հեշտացնել բյուրոկրատական գործընթացը, որը սովորաբար ուղեկցվում է զենքի վաճառքով։ Այս դեպքում ամերիկյան սպառազինությունը հնարավոր կլինի վարձավճարով փոխանցել Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի մյուս երկրներին։

«Առանց «Լենդ-լիզի մասին» օրենքի, ռազմական տեխնիկայի վարձակալության պարագայում, Ուկրաինան պետք է այն ԱՄՆ-ին վերադարձներ 5 տարվա ընթացքում և փոխհատուցեր ցանկացած վնասի համար։ Օրենսդրական նախագիծը չեղարկում է նման սահմանափակումները»,- Defenseone պարբերականին պատմել է Քաթոնի ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Ջորդան Քոենը։

Բացի այդ, ըստ Քոենի, օրենքը նախագահ Ջո Բայդենին ազատում է Կոնգրեսի առաջ հիմնավորումից, թե Ուկրաինային արագացված կարգով ինչ սպառազինություն պետք է վարձակալությամբ տրվի։

Ատլանտյան խորհրդի Forward Defense ծրագրի ավագ գիտաշխատող Թոմաս Ուորիքն էլ կարծում է, որ Լենդ-լիզի օրենքի խնդիրը Մոսկվայի հետ խաղաղության բանակցություններում Կիևի դիրքերի ամրապնդումն է։ «Դա ազդակ է ուղարկում ինչպես ուկրաինացիներին, այնպես էլ Պուտինին, որ առաջիկայում կհայտնվեն մեծ զենքեր և զինամթերք»,- Ուորիքի խոսքերը մեջբերում է Defenseone պարբերականը։