ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Bloomberg.com-ը, հղում անելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունը պաշտոնապես «Ցեղասպանություն» ճանաչել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարն իր որոշման մասին պաշտոնապես կհայտարարի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին՝ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի ժամանակ։ Պարբերականի աղբյուրները նշում էին, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որտեղ չի հնչի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը։