Ախալքալաքի Արդարադատության տան մոտ արդեն երկրորդ օրն է մեծ հերթեր են գոյացել։ Բանն այն է, որ երկու օր առաջ Jnews-ը հրապարակել էր նյութ այն մասին < /em>, որ մայիսի 1-ից անձնագիր և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու արժեքը բարձրանալու է։ Ախալքալաքում այս տեղեկությունը առաջացրել է բնակչության շրջանում դժգոհություն և հերթեր են գոյացել Արդարադատության տան մոտ։

Արդարադատության տան մոտ գտնվող մարդիկ հայտնեցին, որ նման հերթերի պատճառն այն է, որ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 1-ից, անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու ծառայությունը թանկանալու է։ Անձնագիրը կթանկանա ավելի քան 50%-ով, անձը հաստատող փաստաթուղթը կամ նույնականացման քարտը՝ ավելի քան 100%-ով։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են որոշել թանկացնել անձնագրերը, թուղթն է թանկացել, թե՞ անձնագրի ներկրումն է թանկացել։ Փաստաթղթերի գինը կարծես թե կապված չէ Ուկրաինայի պատերազմի հետ, իսկ անձնագիրը Ռուսաստանից կամ Ուկրաինայից չեն ներկրվում, ուրեմն ի՞նչն է պատճառը, մեր կենսամակարդակն այնքան բարձր է, թե՞ այնքան ենք վաստակում, որ 50%-ով թանկացած փաստաթղթերը մեր կյանքի համար մանրուք են։ Ուղղակի ցինիզմն է զարմացնում։ Ինչի՞ մասին են նրանք մտածում…»,- ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը։

Բնակիչները հակված են կարծել, որ խնդիրը նաև կայանում է նրանում, որ պետությունը մտադիր չի եղել նախապես տեղեկացնել այս թանկացման մասին, որպեսզի ժամանակ տար բնակչությանը փաստաթղթերը փոխելու։

«Եթե լրատվամիջոցների տեղեկությունները չլինեին, մենք այդ մասին կիմանայինք խնդրին առերեսվելուց հետո»,- ասում է հերթում կանգնած մի տղամարդ։

Նշենք, որ փաստաթղթերի արժեքի հնարավոր թանկացման մասին Jnews-ը տեղեկացել է սեփական աղբյուրներից, տեղեկատվությունը փորձել է ճշտել Արդարադատության տանը, որտեղ թանկացման մասին տեղեկությունը չեն հերքել, սակայն ասել են, որ մանրամասները կհրապարակվեն մինչև ամսվա (ապրիլ) վերջ՝ չպատասխանելով կոնկրետ գների մասին հարցին։

Jnews-ը մեջբերում է գները, որոնք նա ճշտել է ոչ պաշտոնապես, բայց իր հավաստի աղբյուրներից։

Տասը օրում կենսաչափական անձնագիր ստանալու համար մայիսի 1-ից անհրաժեշտ կլինի վճարել 154 լարի՝ նախկին 100 լարիի փոխարեն։

• Հինգ օրում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 184 լարի՝ 120 լարիի փոխարեն։
• Երեք օրում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 229 լարի՝ 150 լարիի փոխարեն։
• Նույն օրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 354 լարի՝ 205 լարիի փոխարեն։

Իսկ նույնականացման քարտը տասն օրից ստանալու համար մայիսի 1-ից անհրաժեշտ կլինի նախկին 30 լարիի փոխարեն վճարել 64 լարի։

• Հինգ օրում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 84 լարի՝ գործող 40 լարիի փոխարեն։
• Երեք օրում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 104 լարի՝ 50 լարիի փոխարեն։
• Նույն օրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 154 լարի՝ 65 լարիի փոխարեն

Նշենք նաև, որ անչափահաս քաղաքացիների (մինչև 18 տարեկան) անձնագիրը կարժենա 75 լարի՝ նախկին 50 լարիի փոխարեն։