Բաթումիի բուսաբանական այգի այցելության արժեքը մայիսի 1-ից կբարձրանա։ Այս մասին գրում է «Բաթումելեբի» թերթը։

Վրաստանի քաղաքացիների համար տոմսը 8 լարիի փոխարեն կարժենա 10 լարի (3 դոլարից ավելի), իսկ օտարերկրացիների համար՝ 20 լարի (6,5 դոլար):

Դպրոցականների համար բուսաբանական այգի մուտքավճարը բարձրանում է 1-ից 2 լարի (0,3-ից 0,6 դոլար), իսկ ուսանողների համար՝ 2-ից 5 լարի (0,6-ից 1,6 դոլար)։

Արտոնություններից կկարողանան օգտվել սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, զինվորականները, սոցիալապես անապահովները և թոշակառուները։ Տոնական օրերին այգու մուտքն անվճար կլինի բոլորի համար։

«Առաջիկայում մենք մեր կայքում կհրապարակենք ծառայությունների և փաթեթների մասին ամբողջական տեղեկատվություն», – հաղորդում են վարչակազմից։

Նրանք նաև պարզաբանեցին, որ սակագների բարձրացումը պայմանավորված է ծախսերի աճով. «Այգին շատ ծախսեր ունի, ենթակառուցվածքները թարմացվում և պահպանվում են սեփական եկամուտներով, ուստի այցելության գինը բարձրացել է»։

Բաթումիի բուսաբանական այգին գտնվում է Բաթումի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ «Մծվանե կոնցխիի», երկաթուղային կայարանի մոտակայքում և տեղակայված է 113 հեկտար տարածքի վրա։

Բուսաբանական այգին պաշտոնապես բացվել է 1912 թվականի նոյեմբերի 3-ին։ Այն ԽՍՀՄ ամենամեծ բուսաբանական այգիներից էր։

1998 թվականից Բաթումիի բուսաբանական այգին դարձել է Բույսերի պահպանման համաշխարհային բուսաբանական այգու (BGCI) անդամ։ Կապ է պահպանում և համագործակում է ավելի քան 140 երկրների բուսաբանական այգիների, համալսարանների և այլ հետազոտական ​​հաստատությունների հետ:

Այգում կենդանի բույսերի հավաքածուն ներառում է ավելի քան 5 հազար տեսակներ, սորտեր և ձևեր, այդ թվում՝ մոտ 2 հազար տեսակ ծառեր և թփեր։

Ներկայումս բուսաբանական այգին բաղկացած է ինը ֆլորիստիկական ստորաբաժանումներից՝ Անդրկովկասի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Հիմալայան, Արևելյան Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Մեքսիկայի և Միջերկրական ծովի խոնավ մերձարևադարձային հատվածներից: