Համաճարակը բացասաբար է ազդել Վրաստանում հյուրանոցային ոլորտի գործունեության վրա: Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, համավարակն ամենից շատ արտացոլվել է Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում գտնվող հյուրատների գների վրա: Որոշ հյուրատներում մեկ գիշերը կարող է արժենալ ընդամենը 15 լարի:
Հյուրատների տերերը չեն բացառում, որ այս գները կարող են պահպանվել նաև ամռանը: Որոշ հյուրատներ փակվել են՝ չհասնելով ամառային սեզոնին:
Հյուրանոցներում նույնպես խոսում են 10-20 տոկոս գնանկման մասին, բայց նրանք ակնկալում են, որ իրավիճակը կարող է փոխվել, և գները կարող են հասնել նախկին մակարդակին:
Ինը հյուրատներից, որոնց տվյալները տեղադրվել են համացանցում, և որոնց հետ կապ է հաստատել «Batumelebi» հրատարակության լրագրողը, միայն երկուսն են պատասխանել: Մնացածները զանգերին կա՛մ ընդհանրապես չեն պատասխանել, կա՛մ ասել են, որ «հյուրատունը փակ է, և հայտնի չէ՝ այն ընդհանրապես կբացվի, թե՞ ոչ»:
«Մեզ մոտ գիշերն արժե 15 լարի, քաղաքի կենտրոնում՝ Փարնավազի փողոցում: Հյուրերը շատ չեն, երբեմն լինում են: Ամռանը, կարծում եմ, որ էլի այդպես կլինի, դե հասկանում եք, որ համավարակի պայմաններում մարդիկ ավելի շատ վախենում են այն տեղերից, որտեղ մի քանի մարդ ապրում են նույն սենյակում: Ձմռանը գիշերն արժեր 10 լարի: Անցյալ տարիներին, որքան ես տեղյակ եմ, գիշերն արժեր 40 լարի, բայց այդ ժամանակ ես այստեղ չէի աշխատում», – ասել են «Enjoy the hostel» հյուրատնից:
«San Hostel»-ի մենեջեր Ջաբա Ջափարիձեն ասում է, որ գներն իջել են երեսուն տոկոսով: Նա նշում է, որ հյուրատները վատագույն վիճակում են հայտնվել, քանի որ նրանց եկամուտները հիմնականում կախված են օտարերկրյա զբոսաշրջիկներից:
«Հիմա հիմնականում գալիս են վրացիներ, ռուսներ և ուկրաինացիներ… Մեկ գիշերն արժե մոտ 20-25 լարի: Կախված է նրանից, թե քանի մարդ և քանի գիշեր են ուզում ամրագրել: Եթե շատ մարդիկ են, բնականաբար գինը իջնում է: Ամենայն հավանականությամբ, հուլիս-օգոստոս ամիսներին գինը նույնը կլինի», – ասել է նա:
Բնակարանների և հյուրանոցային տների սեփականատերերը նշում են, որ համավարակի պատճառով վարձակալության ցուցանիշը զգալիորեն նվազել է, բայց իրենց համար ձեռնտու չէ իջեցնել գները:
«Հիմա գիշերն արժե 40 լարի: Հիմնականում այցելուները Վրաստանից և Հնդկաստանից են: Անցյալ տարի այս ժամանակահատվածում գները նույնն էին, իսկ ամռանը վարձում էին 80-90 լարիով: Ես չգիտեմ, թե ինչպես կլինի այս տարի», – ասում է ծովափի մոտ գտնվող բնակարանի սեփականատերը:
Գները իջել են նաև հյուրանոցներում: «Euphoria»-ից ասում են, որ ստանդարտ հյուրանոցային համարի գինը 60 ԱՄՆ դոլար է: Ըստ ադմինիստրատորի, համավարակի ընթացքում գներն իջել են, սակայն կոնկրետ որքան՝ չգիտեն: Մայիսի վերջին այս հյուրանոցում ստանդարտ համարը կարժենա 90 ԱՄՆ դոլար, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին՝ 130-150 ԱՄՆ դոլար:
«Sheraton» հյուրանոցում ստանդարտ սենյակն արժե 500 լարի: Ադմինիստրատորն ասում է, որ ամռանը գները կարող են փոփոխվել, բայց այսօրվա տվյալներով, մայիսի վերջին ստանդարտ հյուրանոցային համարը հնարավոր է ամրագրել 600 լարիով, իսկ օգոստոսին՝ 890 լարիով:
«Hilton» հյուրանոցում այսօր ստանդարտ հյուրանոցային համարն արժե 403 լարի: Մայիսի վերջին նույն հյուրանոցային համարը կարժենա 607 լարի: Օգոստոսի կեսերին գինը կբարձրանա, բայց շատ չէ` մոտավորապես կհասնի 648 լարիի: