Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրինությունը հայտնում է, որ երեխաների պլանային պատվաստումները, որոնք ծնողները բաց են թողել, կարող են անցկացնել Իմունիզացիայի եվրոպական շաբաթվա ընթացքում, ապրիլի 25-ից 30-ը։
Պատվաստվել կարող է յուրաքանչյուր տարիքային խմբի երեխա, սկսած 2 ամսականից մինչև 14 տարեկան։ Պատվաստումները կանցկացվեն շրջանի բոլոր գյուղերում։
Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը հորդորում է բոլորին՝ մասնակցել և պատվաստել իրենց երեխաներին, որպեսզի պաշտպանել նրանց առողջությունը։
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթն ամենամյա միջոցառում է, որը տեղի է ունենում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում։ Իմունիզացիան ամեն տարի փրկում է միլիոնավոր կյանքեր և լայնորեն ճանաչվում է որպես աշխարհի ամենահաջող բժշկական միջամտություններից մեկը, ուստի ակցիան առաջին հերթին ուղղված է խթանելու պատվաստանյութերի օգտագործումը՝ բոլոր տարիքի մարդկանց հիվանդություններից պաշտպանելու համար», – ասում է Տոնականյանը:
Սիրանուշի խոսքերով, ակցիայի նպատակն է ցույց տալ պատվաստումների կարևորությունը մարդու առողջության և բարեկեցության համար ողջ կյանքի ընթացքում:
«Իմունիզացիան այն գործընթացն է, որով անձը ձեռք է բերում իմունիտետ կամ դառնում է դիմացկուն վարակիչ հիվանդությունների նկատմամբ, սովորաբար պատվաստանյութի կիրառմամբ: Պատվաստանյութը խթանում է մարմնի սեփական իմունային համակարգը՝ պաշտպանելու մարդուն համապատասխան վարակից կամ հիվանդությունից։ Երբ անձը պատվաստվում է պատվաստումների միջոցով, նա պաշտպանական պատնեշ ունի որոշակի հիվանդության դեմ: Բայց ոչ բոլոր մարդիկ կարող են պատվաստվել, որոշ առողջական խանգարումների դեպքում պատվաստումը հակացուցված է: Այնուամենայնիվ, նրանք կարող են պաշտպանված լինել, եթե նրանք ապրում են պատվաստված մարդկանց մոտ»:
Մեկ անգամ ևս նա դիմում է ծնողներին՝ երեխային պատվաստելով՝ դուք նրան պաշտպանում եք վարակիչ հիվանդություններից։ Հրաժարվելով դրանից, դուք վտանգում եք ձեր երեխայի առողջությունը և կյանքը: