«Նոր Հայք» կազմակերպությունը հայտարարել է ընդունելություն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Software engineering in Web 3.0։ Ծրագրի մասին տեղեկատվական հանդիպում տեղի ունեցավ նաև Ախալքալաքում:
Ծրագրին կարող են մասնակցել 18-25 տարեկան երիտասարդները: Գրանցվել հնարավոր է մինչև մայիսի 8-ը հետևյալ հղումով:
Կուրսը տևում է մեկ տարի, այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն՝
✔ բարելավել անգլերենի իմացությունը
✔ կուտակել ծրագրավորման իրական փորձ #blockchain համակարգերի և ճարտարապետության ոլորտներում
✔ անցնել #MIT-ի լավագույն դասընթացները կրիպտոարժույթների, բլոկչեյն դիզայնի և համակարգերի վերաբերյալ
✔ փափուկ հմտությունները դարձնել հիմնական ուժեղ կողմերից մեկը:
«Նոր Հայք»-ի տեսլականն է տեսնել ծաղկուն հայկական քաղաքակրթություն, որը խաղաղության ու բարգավաճման աղբյուր կլինի իր ժողովրդի, տարածաշրջանի և աշխարհի համար։
Կուրսն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Նոր Հայք»-ի, LayerSwap-ի և այլ նվիրատուների կողմից։ Ծրագրի մասնակիցները հաջող ավարտից և մասնագիտական աշխատանքի անցնելուց հետո աջակցում են հաջորդ սերունդների կրթական ծրագրերի ֆինանսավորմանը։
«Նոր Հայք»-ի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Ասյա Ղարսելյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ Ախալքալաքում հանդիպումը տեղեկատվական բնույթ էր կրում,որ ավելի շատ մարդ իմանա ծրագրի մասին և մասնակցի՝ հավելելով, որ և՛ Ջավախքից արդեն դիմորդներ ունեն, և՛ Ջավախքի երիտասարդների շրջանում հետաքրքրությունը բավականին մեծ է, ինչից հաճելիորեն զարմացած է։