44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3 825 է, այսօր Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Քննչական կոմիտեի մարտի 21-ին հրապարակած տվյալների, զոհերի թիվը 3 822 էր, անհայտ էր 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Փաշինյանն այսօր շեշտել է՝ ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը, թե՛ պատերազմի, թե՛ պարտության համար, բայց չի ընդունել ու չի ընդունում հողեր հանձելու, դավաճանության մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմադիրների մեղադրանքները։
Կառավարության ղեկավարը խոսովանել է՝ մեղավոր է, որ հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել, որ միջազգային հանրությունը ակնկալում է Ադրբեջանին հանձնել 7 հայտնի շրջանները և իջեցնել Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը։
«Մեղավոր եմ, որ 2018-ին 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները, մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք։ Ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում։ Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող, մեզ համար անընդունելի սցենարներն, ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ, երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով, ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի։ Այս ամենը ես պարտավոր էի մանրամասնորեն ներկայացնել մեր ժողովրդին, և սա չանելն է իմ իրական մեղքը», – ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ – «Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքել, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։