Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում Հանրային պաշտպանի իրավահավասարության ապարատի ներկայացուցիչները հանդիպեցին Ախալքալաքի և Նինոծմինդայի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը խտրականության թեմայով էր և կրում էր տեղեկատվական բնույթ:
Տեղեկատվական հանդիպումն անցկացրեցին ՄԻՊ գրասենյակի Արևելյան Վրաստանի բաժնի պետ Գիորգի Տալախաձեն, իրավահավասարության դեպարտամենտի ներկայացուցիչներ՝ Նինո Քաշակաշվիլին ու Աննա Սալդաձեն և Սամցխե-Ջավախքում հանրային պաշտպանի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանը, ով հանդիպումը թարգմանեց Հայերեն։
Հանդիպման նպատակն էր հավաքվածներին իրազեկել խտրականության մասին և ԶԼՄ -ներից տեղեկատվություն ստանալ շրջանում նման դեպքերի առկայության մասին, հետագայում դրանք ուսումնասիրելու և այդ հարցերին ընթացք տալու համար: Հանրային պաշտպանի գրասենյակը նման հանդիպումներ կազմակերպում է իր աշխատանքի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Նինո Քաշակաշվիլին ներկաներին տեղեկացրեց իրավահավասարության բաժնի աշխատանքին, նշելով, որ նրանք աշխատում են տարբեր ուղղություններով, երբ խտրականություն է լինում էթնիկ, ռասայական, սոցիալական հիմքով և լեզվի չիմացության դեպքում:
Նինո Քաշակաշվիլին նշեց ամենից հաճախ հանրային պաշտպանին դիմած երեք ուղղությունները: Դրանք սեռի, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց նկատմամբ խտրականության եւ այլակարծության հետ կապված դեպքերն են:
Նինո Քաշակաշվիլիի խոսքով, նրանք սկսում են աշխատել, եթե իրենց դիմում են քաղաքացիները կամ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեսնում են խտրականության մասին տեղեկատվություն:
«Նման դեպքերը բացահայտելիս, կամ եթե դրանք համակարգային բնույթ են կրում և կապված են մի քանի անձանց հետ, մենք առաջարկությամբ դիմում ենք համապատասխան կազմակերպություններին, կարող ենք նաև դիմել դատարան», – ասաց Նինո Քաշակաշվիլին:
2021 թվականին Հանրային պաշտպանը ստացել է խտրականության հետ կապված 113 բողոք, որից 21 -ի հարցով նրանք առաջարկություններով դիմել են համապատասխան կազմակերպություններին: Վերջին դեպքերից մեկում ՄԻՊ -ի առաջարկությունները չեն կատարվել, և նրանք դիմել են դատարան, որտեղ էլ շահել են գործը: Ամեն տարի հանրային պաշտպանը պատրաստում է կատարված աշխատանքների հաշվետվություն, որտեղ նշվում են կազմակերպություններին տրված բոլոր առաջարկությունները և դրանց չիրականացումը, ինչպես նաև այն, թե որքան կարևոր ու անհրաժեշտ են դրանք:
Անա Սալդաձեն խոսեց իրենց ուսումնասիրած դեպքերի մասին, նշելով, որ Սամցխե-Ջավախքում խտրական հայտարարություններ չեն գրանցվել:
Օրինակ, նման հայտարարություններ են արվել Քեդայի մունիցիպալիտետում, երբ նիստից հետո պատգամավորներից մեկն ասել է, որ դահլիճում պետք է մնան միայն տղամարդիկ՝ «մենք լուրջ հարցեր ենք քննարկելու»: Խտրական հայտարարություններ եղել են նաև հասարակական գործիչ Մամուկա Խազարաձեի կողմից, երբ ենթակառուցվածքների նախարարի հետ կապված նա ասել է, որ կարող է «համեղ խաճապուրի պատրաստել, բայց ոչ զբաղվել ենթակառուցվածքներով»: Նման հայտարարություններ է կատարել նաև Շալվա Նաթելաշվիլին, երբ քննարկվել է քրեական օրենսգրքի բռնաբարության մասին հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը՝ ասելով, որ շատ դեպքերում բռնացողին հրահրում են զոհերը և այլք:
Գիորգի Տալախաձեն հավելեց, որ գուցե նման դեպքեր եղել են Սամցխե-Ջավախքում էլ, սակայն իրենք տեղյակ չեն այդ դեպքերի մասին:
«Միգուցե նրանք չեն իմացել, թե ում դիմեն, մենք այսօր այստեղ ենք մարդկանց տեղեկացնելու համար, որպեսզի նրանք իմանան, թե ում դիմել նման դեպքերում: Մենք արդեն ունենք հայերեն վեբ կայք, որտեղ տեղեկատվությունն ամեն օր թարմացվում է », – ասաց Գիորգի Տալախաձեն: