Համավարակից հետո ռեստորանային և հյուրանոցային բիզնեսում կադրերի պակաս էր առաջացել, քանի որ տնտեսության այս ոլորտներում իրավիճակի անկայունության պատճառով տեղի քաղաքացիները չեն ցանկանում աշխատել այնտեղ։ Թեև պատրաստ են աշխատել Ուկրաինայից եկած փախստականները։
Վրաստանի ռեստորանատորների ասոցիացիայի ղեկավար Շոթա Բուրջանաձեի խոսքով՝ բոլոր ուկրաինացիները, ովքեր ցանկություն են հայտնել, կարողացել են աշխատանքի անցնել ռեստորաններում։
«Դա պարադոքս է, բայց Վրաստան ժամանած ուկրաինացիներն ավելի պատրաստ են աշխատել ռեստորաններում, քան տեղի քաղաքացիները, ովքեր իրենց գործազուրկ են անվանում: Չնայած այն հանգամանքին, որ բոլոր սահմանափակումները հանվել են և ռեստորանները կրկին փակվելու ռիսկեր այլևս չկան, տեղացիները միևնույն է, չեն շտապում աշխատել այս ոլորտում։ Իհարկե, մենք գոհ ենք այն հանգամանքից, որ ուկրաինացիներն աշխատում են մեզ մոտ, բայց միտումը չի կարող չանհանգստացնել՝ երկրում գործազրկության բարձր մակարդակ է, իսկ մարդիկ հրաժարվում են երաշխավորված աշխատանքից»,- հայտարարել է նա։
Ներկայումս Վրաստանում մոտ 20 հազար փախստական կա Ուկրաինայից, հիմնականում՝ կանայք և երեխաներ։