Վրաստանում փոխվել է ԱԳՆ ղեկավարը՝ Դավիթ Զալկալիանին պաշտոնանկ է արվել, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։
41-ամյա Իլիա Դարչիաշվիլին դարձել է արտաքին գործերի նոր նախարար: 2021 թվականից նա զբաղեցնում էր կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ Լեհաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Զալկալիանին կշարունակի իր աշխատանքն Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանի պաշտոնում։
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Զալկալիանիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում կատարած իր աշխատանքի համար։ Վարչապետը ճեպազրույցում չի գործածել «հրաժարական» բառը։
Զալկալիանին Իրակլի Ղարիբաշվիլիի և նախորդ վարչապետ Գիորգի Գախարիայի կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։
«Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար»,- ճեպազրույցում ասել է Ղարիբաշվիլին։
Իլիա Դարչիաշվիլին տարբեր ժամանակներում եղել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալը, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը, հիմնադրամի տնօրենի առաջին տեղակալը, իսկ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելն աշխատել է մասնավոր հատվածում։
Իլիա Դարչիաշվիլիի կենսագրությունը.
Ծնվել է 1981թ. փետրվարի 21-ին՝ Սիղնաղիում, 2002թ.-ին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը՝ «ֆինանսներ և բանկային գործ» բաժինը, տնտեսագիտության ֆակուլտետի բակալավր է:
2004 թ.-ին նույն համալսարանում դարձել է տնտեսագիտության մագիստրոս` «Մաքսային գործ» մասնագիտությամբ:
2011 թվականին ավարտել է Գրենոբլի բիզնես դպրոցը (Grenoble School of Management, Ֆրանսիա), բիզնես-կառավարման մագիստրոս է:
2003-2004 թվականներին աշխատել է «Հանրապետական Բանկ» ԲԲԸ-ում որպես ֆինանսական վերահսկողության և հսկողության մասնագետ:
2004-2006 թվականներին եղել է «Հանրապետական Բանկ» ԲԲԸ-ի անհատական սպասարկման բաժնի պետ:
2006-2012թթ.՝ «Հանրապետական Բանկ» ԲԲԸ (Societe Generale Group) մասնաճյուղի կառավարիչ:
2012-2014 թվականներին աշխատել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում, Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատանը:
2014-2015 թվականներին՝ Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի տնօրենի առաջին տեղակալն է եղել:
2015թ.-ին՝ Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:
2015-2016 թթ. Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալն է եղել:
2016-2017 թթ.-ին ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության արտակարգ և լիազոր դեսպանը:
2017-2021 թթ.-ին՝ Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
2021 թվականից՝ Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարն էր:
Տիրապետում է անգլերենին, լեհերենին և ռուսերենին:
Դավիթ Զալկալիանիի կենսագրությունը.
Դավիթ Զալկալիանին 54 տարեկան է: Ծնվել է Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը։
Նա իր կարիերան սկսել է 1992 թվականին Վրաստանի ԱԳՆ-ում։ Երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ավստրիայի և ԱՄՆ-ի Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում։
Նրա աշխատանքային փորձի ցանկում են Ուզբեկստանում, Տաջիկստանում և Բելառուսում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնները։
Այնուհետև Զալկալիանին վերադարձել է աշխատանքի Վրաստանի արտգործնախարարությունում՝ ղեկավարելով գլոբալ հարաբերությունների բաժինը։
2012 թվականին, երբ իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան, դիվանագետը նշանակվեց Վրաստանի փոխարտգործնախարար։ Վեց տարի անց նա գլխավորեց գերատեսչությունը, չնայած այն հանգամանքին, որ Զալկալիանին պատրաստվում էր հրաժարական տալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի հրաժարականից և 2016 թվականի ընտրություններում այս կուսակցության պարտությունից հետո։
Տիրապետում է անգլերենին, գերմաներենին և ռուսերենին: Ամուսնացած է, ունի երկու դուստր։