Վրաստանի նախագահը քաղաքային ավտոբուսով շրջել է Թբիլիսիի կենտրոնով: Այդպիսով Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է ցույց տալ բնակչույթանը, որ խուճապի պատճառ չկա նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Ուրբաթ օրը Զուրաբիշվիլին իր Instagram-ում հասարակական տրանսպորտում արված մի քանի լուսանկար է հրապարակել: Նկարներում նախագահը բժշկական դիմակով է՝ ավտոբուսի մյուս ուղևորների ֆոնին: Հրապարակումը սոցիալական ցանցում է տեղադրվել SafetynotFear (Անվտանգություն, ոչ վախ) հեշթեգով:

«Եկեք կիսվենք անվտանգությամբ, ոչ թե վախով: Մենք պետք է ցույց տանք մարդկանց, որ անվտանգությունը նշանակում է պահպանել հանգստություն և պատասխանատվություն», – ասվում է հաղորդագրությունում:

Հարկ է նշել, որ չորեքշաբթի Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի և Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հետ: Նրանց զրույցի հիմնական թեման նոր տիպի թոքաբորբի տարածման իրավիճակն է եղել:

Հանդիպումից հետո Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում իրավիճակը կորոնավիրուսի պատճառով լուրջ է, ինչպես և ամբողջ աշխարհում, բայց ոչ մտահոգիչ:

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկու դեպք: Առաջինը գրանցվել է փետրվարի 26-ին. Թոքաբորբը հաստատվել է 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Իրանից վերադարձել է Ադրբեջանի տարածքով: Նախօրեին հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Վրաստանի 31-ամյա մի քաղաքացու մոտ, որը ճանապարհորդել է Իտալիայում:

Նոր կորոնավիրուս հիվանդության առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի 12 միլիոնանոց Ուհան քաղաքում: ԱՀԿ-ն միջազգային մասշտաբով արտակարգ իրավիճակ հայտարարեց: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են գրանցվել ավելի քան 50 երկրներում:

Փետրվարի 26-ին Վրաստանի կառավարությունը որոշեց երկու շաբաթով փակել ցամաքային ճանապարհը Վրաստանի և Իրանի միջև: Դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, քանի որ այս երկիրը, ի տարբերություն Հայաստանի, դեռևս չի փակել ցամաքային սահմանն Իրանի Իսլամական հանրապետության հետ: Ավելի վաղ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել էր չվերթները Չինաստանի և Իրանի հետ:

Ուրբաթ օրը Վրաստանի արտգործնախարարությունը կրկին կոչ արեց իր քաղաքացիներին զերծ մնալ այցելել այն երկրներ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսային վարակի նոր տիպի ամենաշատ դեպքեր. Դրանք են՝ Չինաստանը, Հոնկոնգը (Չինաստանի հատուկ վարչական շրջան), Իրանը, Իտալիան և Հարավային Կորեան: