Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում «Գորգագործության մշակույթը ապրում է» խորագրով միջոցառում անցկացվեց: Գորգագործության խմբակի սաները պատմական հետաքրքիր ակնարկի միջոցով ներկայացրին հայկական գորգի ծագումնաբանությունն ու զարգացման փուլերը, այդ ամենը ուղեկցվեց հայկական երգ ու պարով:

Միջոցառումը կազմակերպել էր Կենտրոնի գորգագործության խմբակի ղեկավար Լալա Շահբեկյանը: Նրա խոսքերով, երեխաները առանձնակի ոգևորությամբ են հաճախում դասերին, ինչը շատ կարևոր է, հատկապես համացանցի այս դարում, երբ երեխան համացանցից այն կողմ բան չի տեսնում:

277235864_1058547158063321_3268907580262217948_n

Միջոցառման կազմակերպիչների խոսքերով, գորգագործությունը Ջավախքում նոր թափ ստացավ 2014 թվականին, երբ Նինոծմինդայում բացվեց Կրթամշակութային երիտասարդական կենտրոն:

«Ի ուրախություն մեզ Նինոծմինդայում գտնվեց մի տիկին, ով տիրապետում է գորգագործության արհեստին: Այս տարիների ընթացքում մեր գորգագործության խմբակի աշխատանքները աշխարհով մեկ տարածվեցին: Հայ Օգնության միությունը, որն այս ամենի հիմնադիրն է, աշխարհի 27 երկրներում ունի իր միավորները և առանց վարանելու կարող եմ ասել, որ 20 երկրներում մեր աշակերտների ձեռքերով գործած փոքրիկ գորգերը ՀՕՄ-ի գրասենյակների պատերին են, որոնց վրա գրված է՝ Նինոծմինդայի երիտասարդական կենտրոն: Սա մեծ հպարտություն է ջավախքցիներիս համար»,- իր խոսքում ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

Ջավախքում գորգագործությանը նվիրված միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնի մանկավարժական կազմը, հասարակական ու մշակութային գործիչներ և այլք: