Օգոստոսի 1-ին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հանդիպեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
Էդվարդ Նալբանդյանի և Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը տեղի ունեցավ Թբիլիսիում:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ հարևան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մշակութային ժառանգության պահպանման շուրջ։
Քննարկվեցին նաև Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության աշխատանքները, միջխորհրդարանական կապերի առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, նաև անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանը և Ջանելիձեն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Նշում է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությունը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Թբիլիսիի հերոսների հրապարակում։