Ախալքալաքում գործելու է կենտրոն, որը նպատակաուղղված է օգնելու այն երեխաներին, որոնք ունեն խոսքի և վարքի հետ կապված հետզարգացումներ, նրանց հետ անցկացվելու են անհատական տարբեր թերապիաներ:

Ինչպես տեղեկացանք կենտրոնի տնօրեն Սվետլանա Սերոբյանից, թերապիաների ժամանակ երեխաների հետ ըստ անհրաժեշտության աշխատելու են հետևյալ մասնագետները՝ լոգոպեդ, ֆիզիոթերապևտ, հոգեբան, նևրոլոգ և վարքի մասնագետ, որոնք վերապատրաստվել են Թբիլիսիում՝ «Վաղ զարգացման կոալիցիայի» կողմից:

Կենտրոնի տնօրենի համոզմամբ՝ շրջանում շատ այդպիսի երեխաներ կան, սակայն ինչ-ինչ պատճառներով ծնողները չեն ուզում բարձրաձայնել և տեղեկացնել խնդրի մասին, այդ իսկ պատճառով էլ այն լուրջ խնդիր է համարվում մեր շրջանում:

«Խնդիրը բավականին բարդ է, քանի որ այսքան ժամանակ Ախալքալաքում չի եղել ինչ-որ կենտրոն, որտեղ երեխաները կարող էին ստանալ անհրաժեշտ էլեմենտար թերապիաներ: Մենք փորձել ենք որոնել և գտնել այդպիսի երեխաներին: Նրանց թիվը մեր շրջանում 50-60 է»:

Կենտրոնի հիմնական նպատակներից է գտնել այդ երեխաներին, աշխատել նրանց ծնողների հետ, օգնել նրանց ճիշտ և գրագետ աշխատել այն երեխաների հետ, ովքեր օգնության կարիք ունեն և կենտրոնը կընդունի մինչև 18 տարեկան երեխաների:

Սվետլանա Սերոբյանը նշում է, որ երեխաները ստուգումները կանցնեն Թբիլիսիում, և միայն ախտորոշումը ստանալուց հետո արդեն տեղում կկարողանան կազմակերպել թերապիաները: Յուրաքանչյուր երեխայի հետ անհատական աշխատանք է տարվելու, ըստ մասնագետի գնահատման: Կենտրոնում երեխաների հետ աշխատելու են տարբեր լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն:

Սոցիալական այս ձեռնարկության ստեղծմանն աջակցել է՝ «Էթնիկ փոքրամասնությունների ամրապնդում, սոցիալական իրավունքների հասանելիության միջոցով» ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների վաղ զարգացման կոալիցիան՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում»: Ծարգիրը հովանավորվում է նաև Mercy Corps և «Եվրամիությունը Վրաստանի համար» ծրագրերի կողմից:

Կենտրոնի հասցեն է՝ ք. Ախալքալաք, Թավիսուփլեբա 34, տուն՝ 5: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 574 20 97 44:

Լիդա Ալմասյան