Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանով գյուղի ներգյուղական ճանապարհները մեկ շաբաթ է, ինչ փակ են ձյան պատճառով: Մոտ 95 ընտանիքից մոտավորապես 60 ընտանիք չեն կարողանում դուրս գալ իրենց տներից։ Բացի այդ, որոշ դպրոցի աշակերտներ առատ ձյան պատճառով չեն կարողանում դպրոց գնալ:
Ժդանով գյուղի բնակիչ Սերգեյ Մնոյանը դիմել է Jnews-ի խմբագրություն՝ իրենց գյուղի խնդրին անդրադառնալու խնդրանքով։ Վերջինիս խոսքով, Նինոծմինդայի քաղաքապետի տեղակալ Արմեն Բդոյանը խոստացել է, որ քամին դադարելուն պես ճանապարհները կմաքրվեն։
«Շատերին ենք դիմել, բայց իմաստ չկա»,- ասում է Սերգեյ Մնոյանը։
Ներգյուղական ճանապարհները ո՛չ Նինոծմինդայում, ո՛չ Ախալքալաքի մունիցիպալիտետում ձյունից մաքրված չեն: Թեպետ յուրաքանչյուր գյուղ այս խնդիրները յուրովի է լուծում։
Գյուղում ապրում է մոտ 95 ընտանիք։ Մայրուղու հարևանությամբ գտնվող փողոցներում ապրող մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, իսկ մնացած մոտ 60 ընտանիքների տները ծածկվել են ձյունով, շատերի համար դժվար է նույնիսկ դուրս գալ տնից և տեղաշարժվել փողոցներով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի խոսքով՝ շրջանում ներգյուղական ճանապարհները չեն մաքրվում ըստ տենդերի։ Մունիցիպալիտետի բյուջեն դա թույլ չի տալիս։
«Միայն կենսական անհրաժեշտության դեպքում է հնարավոր մաքրել ներգյուղական ճանապարհները, այլապես դրանք երբեք չեն մաքրվել»,- ասաց Անիվարդ Մոսոյանը։
Ժդանովի փողոցների մաքրումը կենսական նշանակություն ունի, թե՝ ոչ, ցույց կտա այն, թե արդյո՞ք ճանապարհները ձյունից կմաքրվեն, թե ոչ։