Ախալքալաքում ՏԻՄ ընտրություններից հետո Սակրեբուլոյին առընթեր կազմավորվել է նոր Գենդերային խորհուրդ, որը նախկին 7 անդամների փոխարեն արդեն ունի 13 անդամ: Գենդերային խորհուրդն այժմ աշխատում է մունիցիպալիտետի համար գենդերային նոր ռազմավարության վրա: Սեդա Մելքումյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի առաջին կին պատգամավորներից է, նա տեղի իշխանության մարմինների ենթակայությամբ գործող Գենդերային խորհրդի ակտիվ հիմնադիրներից է։ Խորհրդի նպատակն է ստեղծել հավասար պայմաններ և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար, այդ թվում՝ բյուջեի մասով։ Նոր խորհուրդը սկսել է մշակել նոր ռազմավարություն։
«Քանի որ ընտրվել է նոր Սակրեբուլո, նոր պատգամավորներ, բնականաբար, Գենդերային խորհուրդը նոր կազմ ունի: Այժմ քաղաքապետարանի հետ համատեղ աշխատում ենք գենդերային ռազմավարության վրա, որից հետո կսկսենք աշխատել գործողությունների պլանի վրա։ Ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, կներկայացնենք ամսվա վերջին, Սակրեբուլոյի նիստում: Մենք փորձում ենք հասցնել այդ ժամանակվա համար: Ինչումն է կայանում այս աշխատանքը: Մենք պետք է նայենք անցած տարիների արդյունքներին, ինչ կա՝ ելնելով մեր մունիցիպալիտետի առանձնահատկություններից: Ինչ ունենք, ինչ է պետք ձեռնարկել, ինչ անել հետո: Ընդհանուր ձևով: Ինչպես են աշխատում մարդիկ, հաշվի առնենք այդ մարդկանց փորձը: Նայենք շուրջբոլորս՝ ով ինչ է արել։ Մենք սա հաշվի կառնենք, կհամեմատենք մերը և միասին կորոշենք, թե ինչպես շարունակենք աշխատել»,- ասում է Սեդա Մելքումյանը։
Սեդա Մելքումյանը դրական է գնահատում Խորհրդի աշխատանքը՝ որոշակի վերապահումներով:
«Անձամբ ես կարծում եմ, որ մեծ աշխատանք է արվել, բայց Սակրեբուլոն տալիս է գնահատականը: Ես դրական եմ գնահատում, քանի որ բավականաչափ թրեյնինգներ են անցկացվել, կանանց սենյակն աշխատել է, տեղեկատվությունը բավականաչափ էր: Էական փոփոխություններ կան: Ամենակարեւոր փոփոխությունն այն է, որ կնոջ ձայնը լսելի է: Սա դրական կողմերից մեկն է: Շատ աշխատանքներ են տարվել, կա գենդերային վիճակագրություն: Եվ, իհարկե, կան բացթողումներ, շատ բաներ կարելի էր անել, այդ թվում՝ համավարակի ընթացքում: Առցանց պայմաններում պարզ չէր՝ ինչպես աշխատել շահառուների հետ»,- ասում է Սեդա Մելքումյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի կանանց խորհուրդը ձեւավորվել է 2018թ.–ին: Խորհուրդը բաղկացած էր 7 հոգուց, որից 6-ը՝ Սակրեբուլոյից, 1-ը՝ քաղաքապետարանից։ Նոր Գենդերային խորհուրդը բաղկացած է 13 հոգուց, խորհրդում ընդգրկված են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, այդ թվում՝ կին պատգամավորները, որոնք համեմատաբար ավելի շատ են այս գումարման կազմում։